ԱՄՆ նախագահի հայտարարությունը «որևէ արժեք չունի», հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն |civilnet.am|
22:14 - 24 ապրիլի, 2021

ԱՄՆ նախագահի հայտարարությունը «որևէ արժեք չունի», հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն |civilnet.am|

civilnet.am: Թուրքիան արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում նա կիրառել է ցեղասպանություն եզրը։ «Մենք մերժում և ամենավճռական ձևով դատապարտում ենք ապրիլի 24-ին արմատական հայկական շրջանակների և հակաթուրքական խմբավորումների ճնշման տակ արված ԱՄՆ նախագահի հայտարարությունը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։

«Ակնհայտ է, որ այս պնդումը չունի ո՛չ գիտական, ո՛չ իրավական հիմք, ո՛չ էլ որևէ ապացույց։ Ինչ վերաբերում է 1915-ի իրադարձություններին, ապա «ցեղասպանություն» եզրի օգտագործման համար անհրաժեշտ պայմաններից ոչ մեկը, որը խիստ սահմանված է միջազգային իրավունքում, չի կատարվել։

1915-ի իրադարձությունների բնույթը չի փոխվում՝ կախված քաղաքական գործիչների ընթացիկ քաղաքական շարժառիթներից կամ ներքաղաքական նկատառումներից։ Նման վերաբերմունքը ծառայում է միայն պատմության գռեհիկ խեղաթյուրմանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ արձանագրել է 1915-ի իրադարձությունների հակասական բնույթը։ Ավելին, 2005-ին Թուրքիան հայկական կողմին առաջարկել է ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով՝ այդ ժամանակաշրջանի պատմական փաստերի լույսի ներքո արդար հիշողության հասնելու նպատակով: Թեև Հայաստանը երբեք չի պատասխանել այդ առաջարկին, այն դեռ բանակցությունների սեղանին է։ Այս առումով ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որը ո՛չ իրավաբանորեն, ո՛չ բարոյապես լիազորված չէ դատել պատմական հարցերը, որևէ արժեք չունի։

Որպես երկիր, որը գտնվում է քաղաքակրթությունների օրրան կոչվող տարածաշրջանի կենտրոնում, և որը, չնայած իր բոլոր տառապանքներին, ջանքեր է գործադրել հանուն խաղաղության և մարդկության հանգստության համար՝ Թուրքիան երբեք չի խուսափել իր պատմությանն առերեսվելուց և այդ առումով դասեր չի վերցնելու որևէ երկրից, այդ թվում ԱՄՆ-ից:

Պատմական փաստերը խեղաթյուրող ԱՄՆ-ի այս հայտարարությունը երբեք չի ընդունվի թուրք ժողովրդի խղճի մեջ և կբացի մեր փոխադարձ վստահությունը և բարեկամությունը խարխլող խորը վերք:

Մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահին ուղղել այդ լուրջ սխալը, որը ոչ մի այլ նպատակի չի ծառայում, քան բավարարել որոշակի քաղաքական շրջանակների և աջակցել տարածաշրջանում, հատկապես թուրք և հայ ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության պրակտիկայի հաստատմանն ուղղված ջանքերին՝ փոխանակ ծառայելու վերոնշյալ շրջանակների օրակարգին, որոնք փորձում են թշնամանք բորբոքել պատմությունից»:

Առավել մանրամասն՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել