armenpress.am: Առաջատար գիտնականների մասնակցությամբ Երևանում մեկնարկել է միջազգային տնտեսական երկօրյա գիտաժողով՝ տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորման թեմայով: Միջազգային տնտեսական գիտաժողովի անցկացմանն աջակցում են Եվրոպական միությունը, ՀՀ կառավարությունը և Առաջատար տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Առաջատար տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միությունից, գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել տնտեսության կայուն և արդյունավետ զարգացման հեռանկարը՝ քաղաքականության, տնտեսության և նորարարությունների պրիզմայի ներքո:
Միջազգային տնտեսական գիտաժողովը համանախագահում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Սերգեյ Մատինյանի անվան տեսական դեպարտամենտի առաջատար գիտաշխատող Դավիթ Սահակյանը և Կիելի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Թոմաս Լուքսը: Թոմաս Լուքսը Գերմանիայի կառավարության խորհրդատու է, որը հայտնի է նաև տնտեսության զարգացման միտումների ճշգրիտ կանխատեսումներով:
Երկօրյա գիտաժողովի արդյունքում, դիտարկելով նաև Հայաստանի օրինակը, անվանի մասնագետները կքննարկեն տնտեսության զարգացման արդյունավետ ուղիները, այնուհետև համապատասխան ծրագիր կներկայացնեն կառավարությանը:
comment.count (0)