Անկախ պատգամավորները մտադիր են էթիկայի հանձնաժողով ձևավորել՝ Հրաչյա Հակոբյանի արտահայտությունների համար |hetq.am|
15:55 - 27 ապրիլի, 2021

Անկախ պատգամավորները մտադիր են էթիկայի հանձնաժողով ձևավորել՝ Հրաչյա Հակոբյանի արտահայտությունների համար |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի անկախ պատգամավորները նախաձեռնում են էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատգամավորական վարքագիծն ուսումնասիրելու համար: Այս մասին ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Տիկին Գրիգորյան, վերջին օրերի դեպքերից հետո Սյունիքում եղե՞լ եք, ի՞նչ տրամադրություններ են այնտեղ իշխում:

-Վերջին օրերին բազմաթիվ առիթներ ենք ունեցել խոսելու, թե ինչ է տեղի ունեցել Սյունիքում և սյունիքյան իրադարձություններից հետո: Մենք տեղի ունեցածը փորձում ենք ներկայացնել էմոցիոնալ ֆոնի վրա, մինչդեռ եկեք արձանագրենք, որ այցից հետո իշխանության կողմից գեթ մեկ արձանագրում չի եղել, թե ինչ է կատարվում Սյունիքում: Ի վերջո վարչապետն անցել է Շուռնուխով, տեսել, որ ադրբեջանցիներն այնտեղ կանգնած են, իհարկե նրան ուղեկցում է ռուսական սահմանապահ մեքենան, բայց ես չեմ տեսել, որ երկրի ղեկավարն ամենավտանգավոր միջավայր գնալուց հետո որևէ արձանագրում անի, թե ինչպիսին է իրավիճակը Սյունիքում:

Ես կարծում եմ նրանց բողոքն արդարացի էր, առանձին դրսևորումեր իհարկե չեմ սատարում, բայց մեծ հաշվով տեղի ունեցավ այն, ինչ պետք է լիներ: Մարդիկ հինգ ամսից ավելի կուտակած ցասումը որևէ կերպ դրսևորեցին, իսկ այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, մեծ հաշվով, կարծում եմ, քաղաքական հաշվեհարդար էր:

Դրան գումարենք նաև այն, որ պատգամավորները հանդես եկան այնպիսի հայտարարություններով, որոնք պարզապես անթույլատելի են հանրային գործչի համար: Խոսքս մասնավորապես Հրաչյա Հակոբյանի արտահայտության մասին է՝ էդպես ստորացնելով պետք է բերման ենթարկեն: Մենք անկախ պատգամավորներով հանդես ենք եկել էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ՝ Հրաչյա Հակոբյանի՝ որպես պատգամավոր նման միտք հնչեցնելու համար:

Ի վերջո Սահմանադրության համաձայն՝ որևէ մեկը չի կարող ենթարկվել անմարդկային վերաբերմունքի, մարդը բարձրագույն արժեք է, դա ամրագրված է Սահմանադրությամբ: Նաև չեմ լսել մեկ արտահայտություն, կշտամբանք սեփական թիմից այդ արտահայտությունը դատապարտող:

Ի՞նչ ճակատագիր կարող է ունենալ ձեր դիմումը:

-Քանի որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվում է խորհրդարանի որոշմամբ, նման նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն խմբակցությունները, մենք դիմել ենք խմբակցություններին, և ես հույս ունեմ, որ գոնե ընդդիմադիր խմբակցությունների կողմից այն ուշադրության կարժանանա: Ի վերջո, մենք հիշում ենք, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկի արտահայտած «ժեխ» բառի համար պատգամավորը զրկվեց հանձնաժողովի նախագահի իր պաշտոնից:

Վարչապետը և իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե սյունիքյան ակցիաները որոշ շրջանակներ էին նախաձեռնել։ Դուք ի՞նչ կարող եք ասել այդ մասին, վարչապետը հանրային աջակցություն վայելո՞ւմ է Սյունիքում:

-Իշխանությունն ասում է՝ նեղ շրջանակների կողմից, իսկ միգուցե մանրամասնի, թե ովքե՞ր են նեղ շրջանակները: Շատ հեշտ է նման պնդումներ անել առանց հիմք ունենալու: Ես խնդրում և պահանջում եմ նման հայտարարություններ անելուց հետո հիմքեր ներկայացնել, այլապես այն հիմնազուրկ է: Իսկ առհասարակ ի՞նչ եք կարծում շուռնուխցին կարո՞ղ է ծափահարություններով ընդունել մի իշխանության, որի անգործության պայմաններում զրկվել է տնից կամ ում ղեկավարման օրոք նրա երեխաները ստիպված են կաշկանդված ապրել, որովհետև նրանց և ադրբեջանցիներին բաժանում է մեկ ճանապարհ:

Բազմաթիվ փաստեր, վկայականներ կան, որոնցով մեր իշխանությունները կարող էին բանակցել՝ ասելով, որ այդ տարածքները մերն են և պետք է մեր վերահսկողության տակ լինեն: Չարդարացնելով հայհոյանքը` պետք է հասկանանք, որ նրանց ցասումն արդարացված է: Մենք տեսանք՝ ինչպես բերման ենթարկեցին շուռնուխցի Աշխարհապետին, ինչպես Հրաչյա Հակոբյանն էր ասում՝ ստորացնելով բեման ենթարկեցին: Դա իրավաչա՞փ արձագանք էր, վստահաբար ասում եմ՝ ոչ:

Իսկ առհասարակ Սյունիքում կան մարդիկ, ովքեր սատարում են Փաշինյանին, կան՝ ոչ, թե ինչ համամասնություն կլինի՝ կտեսնենք ընտրությունների արդյունքներով: Սակայն այն, որ սյունեցին պետք է բողոքի, սյունեցին, որի տան դիմաց կանգնած է ադրբեջանցին, դա բնական է:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել