Մեկնարկում են Հայաստանի թվային օրակարգի մշակման աշխատանքները
07:52 - 02 ապրիլի, 2019

Մեկնարկում են Հայաստանի թվային օրակարգի մշակման աշխատանքները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Համաշխարհային բանկի (ՀԲ) թվային զարգացման գլոբալ պրակտիկայի ստորաբաժանման հետ համատեղ իրականացրեց «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ. Թվային ռազմավարություն և տվյալների վրա հիմնված զարգացում Հայաստանում» թեմայով աշխատաժողովը, որով հայտարարվեց Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի մշակման գործընթացի սկիզբը:

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել թվային տնտեսության ռազմավարությունների համաշխարհային առաջատար փորձը և առանցքային դերակատարների հետ նախագծել Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի ճանապարհային քարտեզը:

Բացման և ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը, ովքեր իրենց խոսքում ներկայացրին Հայաստանի թվային փոխակերպման ՀՀ կառավարության տեսլականը:

Գեղամ Վարդանյանն ընդգծեց, որ Հայաստանում արդեն իսկ իրականացված են մեծածավալ աշխատանքեր է-կառավարման ոլորտում ազգային ռազմավարության բացակայության պայմաններում և շեշտեց ազգային թվային օրակարգը մշակելուց առաջ նախկինում կատարված աշխատանքների գույքագրման կարևորությունը:

Նախարարի խորհրդականը կարևորեց թվային օրակարգի մշակման մասնակցային գործընթացը՝ համոզմունք հայտնելով, որ շահագրգիռ կազմակերպությունները պահը բաց չեն թողնի և պատշաճ կերպով կկենտրոնացնեն իրենց ջանքերը և կմասնակցեն համակողմանի շահերի վրա կառուցված, երկրի ներառական տնտեսական աճին ու միջազգային թվային շուկաներին արագ ու անխոչընդոտ ինտեգրմանը միտված ազգային թվային օրակարգի մշակմանը:

ՀԲ-ի կողմից ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԲ ծրագրի ավագ պատասխանատու Օլեգ Պետրովը, ով կարևորեց թվային փոխակերպման օրակարգի նկատմամբ երկրի և ՀՀ կառավարության սեփականության զգացողությունը՝ նշելով, որ պատրաստ են աջակցելու ՀՀ կառավարության կողմից մշակված Հայաստանի թվային օրակարգին:

Ծրագրի առաջատար պատասխանատու Պրասաննա Լալ Դասը ներկայացրեց «Տվյալների հիման վրա զարգացում» ուղենշային զեկույցը, որտեղ ընդգծվում է տվյալների ռազմավարական և առանցքային նշանակությունը թվային մրցունակության համատեքստում: Հետևաբար չափազանց կարևոր է ունենալ տվյալների կառավարման ռազմավարություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել