armtimes.com: Օպերային թատրոնի հարեւանությամբ գտնվող ստորգետնյա վճարովի ավտոկայանատեղիում էլեկտրական ավտոմեքենաների համար տեղադրվել են լիցքավորման երեք կայաններ: Սա նոր հնարավորություն է տվյալ հատվածում կայանելուն զուգընթաց անվճար լիցքավորել էլեկտրական ավտոմեքենան:
Մեր այցելության ժամանակ արդեն նաեւ էլեկտրամոբիլ էր միացված լիցքավորման կայաններից մեկին: Վարորդը, սակայն, տարածքում չէր:
Երեւանի փոխքաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ լիցքավորման կայանների տեղադրման նախաձեռնությունն իրենցը չէ, պարզապես իրենք տրամադրել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող տարածքը: Լիցքավորման կայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրի շրջանակներում:
Էլեկտրոմոբիլներն այսօր համարվում են ապագայի մեքենաներ, դրանք գնալով առավել մեծ տարածում են գտնում ամբողջ աշխարհում: Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ Հայաստանում 700-ից ավելի ավտոմեքենա կա՝ էլեկտրական լիցքավորմամբ: Այդ թիվը գնալով ավելանում է, հետեւաբար մեծանում է լիցքավորման կայանների հանդեպ պահանջարկը: Սակայն այս պահի դրությամբ մայրաքաղաքում դրանք ընդամենը 6-ն են, որոնք ոչ կոմերցիոն՝ հանրային տարածքներում են տեղադրված: Հաշված թվով լիցքավորման կայաններ էլ կան կոմերցիոն վայրերում:
Քաղաքապետի առաջին տեղակալի խոսքով՝ ցավոք Երեւանում չունենք այնպիսի լիցքավորման կայաններ, որոնք հնարավորություն կտան, որ ավտոմեքենան երկար ժամանակ մի տեղում կայանի, լիցքավորվի, իսկ Էլեկտրոմոբիլի լիցքավորման համար մի քանի ժամ է հարկավոր:
Ըստ Սարգսյանի՝ էլեկտրոմբիլների լիցքավորման կայանների տեղադրման վայրը Օպերայի հարակից ստորգետնյա ավտոկայանատեղին են ընտրել քանի որ այդ հատվածում ավտոմեքենաները կարող են հանգիստ մի քանի ժամ կայանել, լիցքավորվել, ապա անարգել առաջ շարժվել. «Բացի դրանից այդտեղ պետք էր նաեւ վերահսկողություն իրականացնել, իսկ այս պարագայում երկուսը մեկում է»:
Փոխքաղաքապետը նաեւ նկատեց՝ էլեկտրոմոբիլների լիցքավորումը դեռ անվճար է, առայժմ դա ավելի շատ խրախուսելու համար, բայց որոշակի ժամանակ հետո կարիք կլինի, որպեսզի վճարովի դառնա: «Սակայն դրա համար էլ օրենսդրական նախաձեռնություն է պետք, քանի որ էլեկտրաէներգիայի վերավաճառք որպես այդպիսին չի թույլատրվում»,- շեշտեց Հրաչյա Սարգսյանը: Նա կարծիք հայտնեց՝ որ պետական մակարդակով է պետք նաեւ հարցը քննարկել, որպեսզի էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման համար էլեկտրաէներգիայի սակագինը մի փոքր ցածր լինի եւ բենզալցակայաններում ու գազալցակայաններում կարողանան նաեւ էլեկտրոմոբիլները լիցքավորվել:
«Դաշտը պետք է ազատականացվի, որ լիցքավորման կայանները համատարած լինեն: Ժամանակին քաղաքապետարանում քննարկում էինք, որ Երեւանի 12 վարչական շրջաններում գոնե ամեն մեկում մեկ լիցքավորման կայան տեղադրենք, բայց տեխնիկական խնդիրներ առաջացան, հոսանքի սնուցումը, մեքենաների մի հատվածում երկար կանգնելու նպատակահարամարությունը եւ այլն»,-ասաց նա:
«Plug.am» ծրագրի հեղինակ- ղեկավար Կարեն Դերձյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանում արդեն 25 լիցքավորման կայաններ են տեղադրել, տարբեր քաղաքներում եւ համայնքներում: «Երեւանից դուրս՝ 2-ը Գյումրիում են, իսկ 20-ն այլ քաղաքներում եւ մարզերում: Գրեթե բոլոր մարզերը ներառել ենք, սկսած Այրում համայնքից մինչեւ Եղեգնաձոր ամենահարավային կետը»,-ասաց Կարեն Դերձյանը:
Վերջինիս խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի հետ դեռ քննարկումներ պիտի ծավալվեն, որպեսզի հաջորդ փուլում կայաններ տեղադրվեն ոչ թե միայն կենտրոնում, այլեւ մյուս վարչական շրջաններում, քաղաքի ծայրամասերում:
Շարունակությունը՝ armtimes.com-ում։
comment.count (0)