«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյանը վերաձևակերպել է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը
09:06 - 30 մարտի, 2019

«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյանը վերաձևակերպել է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը

 Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպում է: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը:

«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպում եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- ասել է նա:

Նախարարն ընդգծել է, որ ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ. «Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»:

Դավիթ Տոնոյանը հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ամերիկահայերին ներկայացրել է նաև բանակում տիրող իրավիճակը: Ըստ նրա՝ բանակում մահացության աստիճանը պետք է ամեն կերպ կրճատել, թեև իսպառ վերացնել հնարավոր չէ. «Անխուսափելի է, զենքով են, երիտասարդ են, և պայմանները, որոնցում նրանք գործում են, զուտ տնտեսական առումով, հնարավոր չէ այն վիճակի հասցնել»,-ասաց նախարարը:

Նա կարևորեց բանակում կրիմինալի դեմ տարվող աշխատանքը, անդրադարձավ Մեղրու զորամասի միջադեպին՝ ասելով. «Զորամասում այնքան լկտիացել էին, որ կանեփ էր աճեցվում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել