armenpress.am: ՀՀ ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ մինչև երկրորդ ընթերցումը առաջարկներ չեն ներկայացվել:
Այս մասին խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է օրենքի ուժով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը, ընդլայնել հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը, էապես նվազեցնել ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը:
Նախագծով նախատեսվում է նաև իջեցնել կուսակցությունների համար նախատեսված շեմերը` 5-ից դարձնել 4%, իսկ դաշինքներինը` բարձրացնել: Մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը դարձնել 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` դարձնել 10 տոկոս:
comment.count (0)