1lurer.am: Նախորդ շաբաթ խորհրդարանի ընդունած Ընտրական օրենսգրքի փաթեթը չի գործի հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրությունների համար. հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:
«Ինչո՞ւ է այդպես: Մենք սպասեցինք մինչև այդ օրենսդրության վերջին հնարավոր օրը այն հույսով, որ մինչ այդ հստակ կլինի դիրքորոշումը ՀՀ նախագահի կապված այդ փաթեթի հետ, որպեսզի այնտեղ ունենանք այնպիսի բովանդակություն, որ դրա ստորագրումը տեղի ունենար կարճ ժամանակամիջոցում, ինչը միակ հնարավորությունն էր, որ այդ խաղի կանոնները ուժի մեջ մտնեն, մի մասը առնվազն, հունիսի 20-ի համար: Ցավոք սրտի, դա տեղի չունեցավ:
Եվ հաշվի առնելով, որ այդ մեծ փաթեթից մենք արդեն իսկ հենց այս ռիսկը հաշվի առնելով առանձնացրել էինք ամենակարևոր բաղադրիչը, որը կապված է ռեյտինգայինը վերացնելու և համամասնականն ընդունելու հետ, անգամ դա չստորագրվեց: Մենք պարզապես վտանգի տակ էինք դնելու հունիսի 20-ի ընտրությունները, եթե նախատեսեինք, որ այդ փոփոխությունների գոնե մի մասը ուժի մեջ էր մտնելու հրապարակման պահից, որովհետև դա նշանակելու էր, որ եթե նախագահը նույն վարքը դրսևորեր և չստորագրեր փաթեթը, ապա անցնելու էր 21 օր, դրանից հետո Սահմանադրությունն այլ սցենար չի նախատեսում, քան ԱԺ նախագահի կողմից ստորագրել: Այդ ժամանակ արդեն լինելու էր, որ ընտրությունների օրը նշանակած, քարոզարշավը մեկնարկած փուլում փոփոխություն է լինելու»,- նշեց Դանիելյանը:
comment.count (0)