Մայիսի 14-ին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ նշելով․ «Բոլոր կուսակցությունները և հանրային-քաղաքական այլ ուժերը պետք է գան համաձայնության առ այն, որ նախքան ընտրությունների միջոցով նոր և լեգիտիմ Ազգային ժողովի և կառավարության ձևավորումը գործող կառավարությունը և Ազգային Ժողովն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն»։
Երեկ՝ 1in.am-ին տված հարցազրույցում, ՔՈ ՍԴԿ ԳՄ անդամ Միքայել Նախապետյանը կրկին շեշտեց, որ այս կառավարությունը Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելու իրավունք չունի, քանի դեռ չեն ձևավորվել նոր լեգիտիմ ԱԺ և կառավարություն։
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ հնարավոր փաստաթղթի ստորագրմանը, հայտնեց․ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, և այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորավածությունները իրագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին։ Ես այդ թուղթը չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չի, աշխատանքյաին թուղթ է, բանակցություններ են ընթանում»։
Թեմայի շուրջ Infocom-ը զրուցել է Միքայել Նահապետյանի հետ։
- Պարո՛ն նահապետյան, Ձեր հարցազրույցում ասել էիք, որ այս կառավարությունը որևէ փաստաթուղթ ստորագրելու իրավունք չունի, մինչև ընտրություններ անցկացվեն, ձևավորվեն լեգիտիմ կառավարություն և ԱԺ։ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ փաստաթուղթը 100%-ով բխում է ՀՀ շահերից, և նա պատրաստվում է ստորագրել այն։ Որո՞նք են լինելու «Քաղաքացու որոշում» կուսակցության քայլերը վարչապետի պաշտոնակատարի այս հայտարարությունից հետո։
- Ես հայտնել եմ մեր դիրքորոշումը, որ ժամանակավոր կառավարությունն այդպիսի մանտադ չպիտի ունենա, և դա ապահովելու ճանապարհը լայն հանրային կոնսենսուսն է այդ հարցի շուրջ, այսինքն՝ մարդկանց, ովքեր պատրաստ են արձանագրելու, որ այս կառավարությունը չպետք է այդպիսի բան ստորագրի, որովհետև մեկ կուսակցությունը երբեք չի կարող նման բան պարտադրել, և երկորդ՝ մարդկանց, որոնք կարող են իրենց համար արձանագրել, որ իրենք, այս կառավարությանը նման մանդատ չտալուց բացի, պատրաստ են նաև խոչընդոտել նման գործընթացը։
- Խոչընդոտելն ինչպե՞ս եք պատկերացնում, կոնկրետ ի՞նչ գործողություններով։
- Մասնավորապես, այս պահին հարցը պետք է պահել օրակարգում և փորձել հասկանալ՝ ինչ է փաստաթղթի ամբողջական բովանդակությունը, որ պատրաստվում է ստորագրել, և հանրության տարբեր շերտերի հետ, տարբեր շերտերի միջև աշխատանքով պետք է հասկանալ՝ ինչ ծավալի կոնսենսուս կա այս հարցի շուրջ, որովհետև, կրկնում եմ, մեկ քաղաքական ուժը, որ քաղաքական ուժն ուզում է, լինի, չի կարող միայնակ որոշել և պարտադրել նման բան։ Երբ որ էդպիսի հանրային կոնսենսուս, պատրաստակամություն լինի, հնարավոր է պարտադրել այդպիսի լուծում։ Կոնսենսուսի ձավորումը քաղաքական աշխատանք է, որը տարբեր ֆրոնտներում լինում է։ Այսինքն՝ դա կարող է լինել թե՛ ֆիզիկական գործողություններով՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան անելով․․․
- Կոնկրետ ի՞նչ գործողություններ անելով։
- Էս պահին որևէ գործողություն պլանավորված չէ, թեմայի շուրջ հանրային գործընթացը ծավալվում է, դիտարկում ենք նաև հանրային դաշտում առկա տրամադրությունները։ Եթե տեսնենք, որ կա իրական հնարավորություն ոչ թե մարդկանց քաղաքական զբոսանքի հանելու, այլ ռեալ օրակարգը գործնական հունի վրա դնելու, բնականաբար և՛ իմաստ կունենա, և՛ անհրաժեշտ կլինի քայլեր ձեռնարկել։ Այս պահին հնարավոր չէ գնահատական տալ՝ դա հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ։
- Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից կարելի է եզրակացնել, որ նա չի պատրաստվում փաստաթղթի մանրամասները հրապարակել։ Համախմբելով, հանրային պահանջ ձևավորելով կամ ակցիաներ իրականացնելով՝ հնարավոր կլինի՞ ստիպել փաստաթղթի մանրամասները հանրությանը հայտնի դարձնել։
- Դա կախված է նրանից, թե այդ հարցի շուրջ ինչ ծավալի կոնսենսուս և ինչպիսի ճնշման պատրաստակամություն կլինի։ Դուք լրատվական դաշտի դերակատար եք, և վստահ եմ՝ տեղի են ունեցել դեպքեր, երբ խիստ կարևոր հանրային հարցով Ձեր հարցումները մնացել են անպատասխան։ Որպես մի կազմակերպություն՝ մենակ «Infocom»-ը , վստահ եմ, չի կարողացել պարտադրել, որ պատասխանեն։ Նույն կերպ, որևէ այլ կազմակերպություն, անկախ իր բնույթից, չի կարող դա պարտադրել․ նման պարտադրանք ձևակերպելու և առաջ մղելու շարժիչ ուժը հանրությունն է ու ռեալ կոնսենսուսը։ Մենք ամեն ինչ կանենք, որ այդպիսի կոնսենսուս ձևավորվի։
- Այսօր «Լուսավոր Հայաստան»-ը հայտնեց, որ կազմում է հայտարարության տեքստ, որը հիմք է հանդիսանալու ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ Հայտարարության բովանդակությունը լինելու է այն, որ քաղաքական, ռազմական և մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում պետք է նշված փաստաթուղթը վավերացվի ՀՀ խորհրդարանում։ Այս քայլն արդյունավետ համարո՞ւմ եք։
- Երբ ես մեր կուսակցության հայտարարությունը հնչեցրի, նաև ասացի, որ մեզ ֆիզիկապես միանալու կարիք չկա, նույնաբովանդակ օրակարգ առաջ մղելու կարիք կա, և քաղաքական ուժերին կոչ արեցի իրենց ուզած հարթակներում, իրենց ուզած ձևաչափով այդ օրակարգն առաջ մղել։ Ես ուրախ եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության մոտ սա արձագանք է գտել, ըստ էության, և իրենք իրենց տիրապետած լծակների շրջանակներում փորձել են այդ օրակարգն իրենց ձևով ձևակերպել և առաջ մղել։ Ուրախ կլինեմ տեսնել այդ օրակարգին աջակցություն՝ անկախ նրանից՝ մենք կլինենք բարձրաձայնելիս, «Լուսավոր Հայաստան»-ը, թե որևէ այլ քաղաքական ուժ։ Արդյունավետության մասով․ բնականաբար, այդ կուսակցությունը պառլամենտական մեծամասնություն չունի, մենակ «Լուսավոր»-ի քվեարկությունը չի բավարարելու։ Էլի հետ ենք գալիս այն կետին, որ որևէ քաղաքական կազմակերպություն միայնակ հնարավորություն չունի այդ օրակարգը պարտադրելու․ դրա համար պետք է լայն հանրային աջակցություն։
- Դատելով հանրային տրամադրություններից և տարբեր քաղաքական ուժերի հետ շփումներից, եթե այդպիսիք եղել են, հարցի շուրջ համախմբվածություն լինելո՞ւ է։
- Ես կարող եմ միանշանակ ասել, որ առաջ քաշված օրակարգը հանրության համար ցանկալի է, բայց միջավայրի անորոշությունը հանրությանը հետ է պահում կտրուկ և միանշանակ դիրքորոշումներ ունենալուց։ Ըստ էության, սրտամոտ է առաջարկը մարդկանց, բայց նրանք համոզված չեն՝ պե՞տք է նման բան պարտադրել, թե՞ չէ։ Հանրային լայն շրջանակների հետ աշխատանքի ամբողջ տրամաբանությունը և քաղաքական ուժերի խոսքի, գործունեության ամբողջ տրամաբանությունը հենց այլընտրանքներ ու երաշխիքներ առաջարկել, առաջ քաշելն է՝ ցուց տալու, որ այդ փաստաթղթի ստորագրումը Հայաստանի ո՛չ լավագույն, ո՛չ նվազագույն շահը չէ, և կան այլ տարբերակներ։
- Եթե քաղաքական որևէ ուժ կամ քաղաքացիական նախաձեռնություն ակցիաներ կազմակերպի կամ հայտարարության տեքստ պատրաստի այս հարցով, ՔՈ-ն կմիանա՞։
- Մենք որպես աշխատանքի սկզբունք ենք վերցրել համատեղ հայտարարություններ ստորագրելուց զերծ մնալը։ Եթե որևէ քաղաքացի, քաղաքացիական որևէ նախաձեռնություն, կուսակցություն այս օրակարգն իր ձևով, իր կետում, կլինի դա Մեղրիում, Շամշադինում թե Ազատության հրապարակում, բարձրացնի, մենք այդ կետի շուրջ համերաշխ ենք այդ մարդու հետ։
- Հնարավո՞ր է այնպիսի սցենար, որ հիմա որևէ փաստաթուղթ չստորագրվի, և ընտրություններից հետո իշխանության գալու պարագայում Նիկոլ Փաշինյանը ստորագրի փաստաթուղթը։ Եթե հիմա հարցը բերվի հանրային օրակարգ, փաստաթղթի ստորագրումը խափանվի, չի՞ կարող այն հետո ստորագրվել։
- Միանշանակ, կարող է, բայց ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո հանրությունը չի կորցնում պետության նկատմամբ սեփականության իրավունքը։ Էնպես չէ, որ ընտրություններից հետո հանրությունն իրավունք չունի որևէ բան պահանջելու կամ պարտադրելու։
- Ճի՞շտ հասկացա, որ եթե այս հարցում պայքարելու արդյունավետ տարբերակ լինի, օրինակ, փողոց դուրս գալը, ՔՈ-ն կգնա դրան։
- Որևէ մեխանիզմ, որը մեզ համար արժեքային իմաստով ընդունելի է, մենք կաշկանդված չենք կիրառել։
Ավելի ուշ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարություն տարածեց՝ առաջարկելով արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին միասնական փաստաթուղթ ստորագրել՝ հայտարարելով, որ մինչև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի, և ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։
ՔՈ ՍԴԿ-ն ողջունեց հայտարարությունը՝ իր համերաշխությունը հայտնելով այս օրակարգը ընդունող ուժերին։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)