Քաղաքական վենդետայի և կադրային ջարդի հայտարարությունները կապ չունեն բռնության հետ. Փաշինյան
18:53 - 08 հունիսի, 2021

Քաղաքական վենդետայի և կադրային ջարդի հայտարարությունները կապ չունեն բռնության հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Ապարանում քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձավ քաղաքական վենդետայի և կադրային ջարդի մասին այսօր Թալինում արած իր հայտարարություններին:

Փաշինյանն ընդգծեց՝ իր հայտարարությունները կապ չունեն ֆիզիկական կամ որևէ բռնության հետ: 

«Այլ կապ ունի քաղաքական դիրքորոշումների, քաղաքական մանդատի ճշգրտման հետ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ժողովուրդն իրենից դժգոհ է թավիշի համար:

«Ժողովուրդը դժգոհ է, որ 2018 թ. հետո կադրային ջարդ չիրականացրինք, բազմաթիվ ապաշնորհներ մնացին իրենց տեղերում, այսօր էլ փորձում են ընտրություններից առաջ քաղաքացիների նկատմամբ ապօրինի հարկադրանքի մեթոդներ, վարչական սպառնալիքներ կիրառել: Այդ համատեքստում ասացի՝ բոլոր այդ համայնքների ղեկավարները, որ այդպես են վարվում, ընտրություններից հետո պետք է հրաժարական տան ու հեռանան, բոլորը՝ առանց բացառության: Եվ եթե սրա համար չլինեն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ, գործի կդրվեն քաղաքական մեխանիզմները»,- նշել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ հունիսի 21-ից այդ պաշտոնյաների պաշտոնանկության գործընթացն սկսվելու է:

«Առանց բռնությունների, առանց ապօրինությունների, և այո՛, դա մենք անվանելու ենք քաղաքական և ժողովրդական վենդետա, կադրերի ջարդ, բոլոր ապաշնորհ պաշտոնյաները պետք է հեռացվեն պետական կառավարման համակարգից»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել