1lurer.am: Տնտեսական զարգացման համար կառավարությունը պետք է փոխի վարքագիծը և ավելի նախաձեռնող դառնա, փորձի ուղղորդել և խրախուսել մասնավորին, համոզված է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Տնտեսական գիտությունների դոկտորը առաջարկում է այնպիսի մոդել, որը կապահովի ներդրումների զգալի հոսք դեպի Հայաստան:
Ըստ Բագրատյանի՝ ժողովրդի մասնակցությունն այդ գործընթացին թույլ կտա ապահովել ՀՆԱ-ի զգալի աճ: Ֆոնդային բորսայում պետք է ներկայացված լինեն խոշոր տեղական ընկերությունները: Իսկ հարկային քաղաքականության հիմքում անհրաժեշտ է ներդնել ավելացված արժեքի հարկը շրջանառության հարկով փոխարինելու մոդելը: Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու համար նախկին վարչապետն առաջարկում է Սյունիքի մարզում կառուցել 9 թունել և 18 կամուրջ: Բագրատյանը հաշվել է, որ դա կարժենա 1,5 մլրդ դոլար, սակայն տնտեսական արդյունքը նույնպես տպավորիչ կլինի:
Բագրատյանը հայտարարեց, որ 4-5 տարի հետո պետք է փակել Հայկական ատոմակայանը: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանը անհրաժեշտ է հաբի վերածել: Նաև հաշվել են՝ բանակի վերականգնումը 5 մլրդ դոլար կարժենա, սակայն դա անհրաժեշտ է Արցախի հարցի հայանպաստ լուծման համար:
Եթե չհաջողվի հաղթահարել շեմը և Ազգային ժողով անցնել, պատրաստ են այս ծրագիրը փոխանցել բացառությամբ գործող իշխանությանը ցանկացած ուժի, որը կխոստանա այն իրականություն դարձնել, հայտարարեց Բագրատյանը:
comment.count (0)