armenpress.am: ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի երրորդ օրը՝ հունիսի 9-ին, «5165» շարժումն իր հանդիպումները սկսել է Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում: Այս մասին հայտնեցին շարժման մամուլի ծառայությունից:
Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման հիմնադիր անդամները քաղաքացիներին ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը:
«Մենք մեր շուրջ հավաքել ենք լավ կրթություն ստացած երիտասարդների։ Հայն այսօր ուզում է արժանապատիվ Հայաստան, հոգատարություն, ոչ թե առևտուր՝ քաղաքական ու մշակութային։ Այս երկրի տերը այն սերունդն է, որը դեռ պաշտոնով և փողով չի կաշառվել, որն իսկապես ուզում է ծառայել Հայրենիքին։ Եթե ղեկավարը լինի արդար, ազնիվ և Հայրենիքին նվիրված, ապա այդպիսին էլ կլինի ժողովուրդը։ Ես երբեք չեմ մտածել, որ կզբաղվեմ քաղաքականությամբ, բայց սա արդեն քաղաքականություն չէ, այլ յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ճակատագիրը։ Սա ազատագրական պայքար է»,- նշել է Կարին Տոնոյանը։
«5165» շարժման անդամները շրջել են քաղաքով, լսել քաղաքացիների մտահոգություններն ու բարձրացրած խնդիրները։
ՀՀ վաստակավոր արտիստ, շարժման հիմնադիր անդամ Արսեն Գրիգորյանը կարևորել է Հայաստանի զարգազման գործում սփյուռքի ներգրավվածությունը.
«Մենք ուզում ենք ստեղծել Հայրենադարձության նախարարություն, քանի որ համոզվածք ենք, որ բոլոր ոլորտներում սնուցողը ուժը կարող է լինել հայրենադարձությունը։ Մեր ծրագրերը թեկուզ 20 կամ 100 հոգով պետք է իրականեցնենք, քանի որ դրանք միտված են ազգային հզոր պետության ստեղծմանը։ Դարեր շարունակ մենք չենք ունեցել պետականություն, սակայն մեր մշակույթը և մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին մեզ պահել են` ստանձնելով մեր պետականության դերը: Այսօր մենք իրավունք չունենք անուշադիր լինելու մեր մշակույթի, մեր եկեղեցու, մեր ինքնության, ավանդույթների և արժեքների հանդեպ»։
Կոտայքի մարզ կատարած այցի շրջանակներում «5165» շարժման անդամները քաղաքացիների հետ հանդիպել են նաև Հրազդանի Սահմանադրության հրապարակում: Նրանք խոսել են ազգային պետության կերտման գործում անհրաժեշտ գործողությունների, կրթության դերի ու նշանակության և պետության արդյունավետ կառավարման մասին: Առանձնակի ուշադրություն է դարձվել սահմանին տիրող իրավիճակին և պատերազմի նման ելքի պատճառների մասին:
comment.count (0)