news.am: Մեծ յոթնյակի (G7) երկրներն ապրիլի 19-ին Իտալիայում արտգործնախարարների հանդիպմանը կքննարկեն Իրանի տարածքին Իսրայելի ենթադրյալ հարվածի հետ կապված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։
«Կանադայի ԱԳՆ-ն ինձ տեղեկացրել է Իրանում գիշերային պայթյունների մասին։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: Մենք դա կքննարկենք արտգործնախարարների հետ այսօր առավոտյան Իտալիայում կայանալիք G7-ի նիստում»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
Հյուրընկալելով հանդիպումը Կապրի կղզում՝ Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանին X-ում ասել է, որ Իսրայելի ենթադրյալ հարվածից հետո իրավիճակի զարգացումը կքննարկվի աշխատանքային վերջին օրվա առավոտյան նիստում, երբ սպասվում է վերջնական հայտարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։ Իրանի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ կեսգիշերից հետո 3 աթս է ոչնչացվել Սպահան քաղաքի երկնքում, լուրջ հետևանքներ չկան։ Իսրայելից պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։
comment.count (0)