Ուրիխանյանը հայտնում է, որ չի մասնակցելու Հանրային ՀԸ-ի կազմակերպած նախընտրական բանավեճին
12:35 - 15 հունիսի, 2021

Ուրիխանյանը հայտնում է, որ չի մասնակցելու Հանրային ՀԸ-ի կազմակերպած նախընտրական բանավեճին

Հ1-ի բանավեճին չեմ մասնակցելու։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը։

«Հանրային ՀԸ-ի կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում ի թիվս այլ թեկնածուների ինձ չի տրվում հնարավորություն բանավիճել և հարցեր ուղղել նախկին և ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։ Հաշվի առնելով վերոգրյալը չեմ մասնակցելու նշյալ հեռուստաբանավեճին»,- գրել է Ուրիխանյանը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ իրենց նախաձեռնությամբ ծավալված քննարկումների արդյունքում ընտրություններին մասնակցող10 քաղաքական ուժեր համաձայնության են եկել հայտարարության բովանդակության շուրջ՝ ըստ որի չեն մասնակցելու Հանրային ՀԸ-ի կազմակերպած նախընտրական բանավեճին։

«Քաղաքացու որոշում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Սահակյանը երեկ հայտարարել էր, թե «Հանրային ՀԸ-ից զանգ է եկել (նախընտրական բանավեճը - խմբ․) բոյկոտող կուսակցություններին, որով ապատեղեկատվություն են տարածել, թե բոյկոտող կուսակցությունների մեծ մասը համաձայնել են մասնակցել բանավեճին և մնում են միայն իրենք։ Անձամբ զանգել եմ բոլոր 9 կուսակցությունների առաջին համարներին և ստացել հավաստիացում, որ իրենք շարունակում են բոյկոտել և Հանրային ՀԸ համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել