«Ազատական» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը «Ա1+»-ին տված հարցազրույցում պարզաբանել է «Հանրային» հեռուստաընկերության առաջին դեմքերի բանավեճը բոյկոտելու պատճառը։ «Բանավեճը ստեղծել են այնպես, որ բոլոր նորաստեղծ կուսակցությունները առանձին են հրավիրվում, հիները՝ առանձին։ Ես գնամ այնտեղ այդ երիտասարդներին ի՞նչ հարցնեմ, ինչ ասես՝ պետք է ասեն՝ դե մենք կապ չունենք, կամ իրենք ինչ ասեն, ես պիտի ասեմ՝ ես կապ չունեմ։ Դա բանավեճ չի դառնում»։
Սամվել Բաբայանը խոսել է նաև Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։ «Ավելի ճիշտ կլինի, որ անցնենք նոր Սահմանադրության՝ կիսանախագահական երկիր ունենանք։ Այդ Սահմանադրությունը ոչ թե ինքնանպատակ փոխենք, ուղարկենք Վենետիկ, ասենք՝ համաձայնվեք։ Չէ, մեր քաղաքացին պետք է կարողանա ստեղծի, ստեղծագործի ու հասնի հաջողության իր կյանքի մեջ»։
Անդրադառնալով հարցին, թե ո՞ր ուժերի հետ է Բաբայանի ղեկավարած կուսակցությունը պատրաստ դաշինք կազմել, վերջինս պատասխանեց․
«Ես խոսեցի Սահմանադրությունից, օրենքներից, օրենսդրական բազան փոխելուց, որ երկիմաստության օրենք չլինի, դատական համակարգ լինի, որ երկիրը գնա զարգացման։ Երկրի գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը ընթերցելով՝ թե՛ Հայաստանի քաղաքացին, թե՛ այլ քաղաքացի պետք է տեսնի, թե այս երկիրը դեպի ուր է գնում, ինչ զարգացում է ապահովում, ինչ ճանապարհ է ընտրել։ Մեր Սահմանադրությունը ընթերցելով դա չես տեսնում։ Ես համարում եմ, որ Սահմանադրությունը և մնացած բոլոր օրենքները, օրենսդրական ակտերը պետության ֆունդամենտն է։ Որ ուժերը սա կընդունեն ու կհամաձայնեն, որ այս ճանապարհով գնանք, երկիրը տանենք զարգացման, նրա հետ էլ համագործակցելու ենք, կապ չունի ոչ անունը, ոչ գույնը»։
Բաբայանը անդրադաձել է նաև հունիսի 12-ին ԱՄՆ-ի և Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերիների վերադարձի թեմային՝ նշելով, որ այս պարագայում նաև քաղաքական խնդիրներ կան։ «Վատը նա է, որ մարդկանց ճակատագիրը նման առևտրի առարկա են դարձնում։ Հիմա պետք է Իրանը փորձի ինչ-որ գերի բերի, հետո ֆրանսիացիները պետք է անեն, հետո Ռուսաստանը պետք է հասկանա, որ Ալիևը իրենց արհամարհում է, հետո իրենք փորձեն խնդիրները լուծել։ Սա դժբախտություն է»։
comment.count (0)