Մենք ամեն անգամ նորից պետք է վերլուծենք, թե ինչ իրադրության պայմաններում ենք, որպեսզի հասկանանք, թե ընտրությունը ում օգտին կամ ինչի օգտին պետք է անենք։ Այս մասին Աբովյան քաղաքում «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի քարոզարշավի ընթացքում հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Հայկ Սուքիասյանը։
Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանի վատթարագույն անցյալը, կողոպտված անցյալը իր դերակատարներով մոբիլիզացել է պետության դեմ։ «Ոչ թե որ իրենք պարզապես խորհրդարանում տեղ ունենան, ընտրություններում ձայն հավաքեն, ոչ, իրենց նպատակը բացարձակ այլ է, իրենք գրոհելու են պետության դեմ։ Եվ այստեղ Հայաստանի երեք նախագահները համախոհ են»։
Նա նշեց, որ Հայաստանի երեք նախագահները համախոհ են պետության ունեզրկման, պետության չգոյության հարցում։ «Հետևապես սա մենք պիտի լավ հասկանանք, որպեսզի մեր ընտրության հարցում լինենք օբյեկտիվ և իմաստավորված։ Եվ այսօր այդ կողոպտված անցյալի դերակատարները Հայաստանի չգոյությունը երազողները կազմակերպված ձևով գրոհել են և գրոհում են ամբողջ արսենալով»։
Նա նաև նշեց, որ անցյալը Հայաստանում չպետք է դերակատարություն ունենա։ «Եթե սրանք նույնիսկ նվազագույն դերակատարություն ունեցան, իմացեք՝ Հայաստանի կյանքի և ապագայի հարցը դրվում է օրակարգում։ Բայց քանի որ Հայաստանը ունի ապագա, և շատ ավելի լավ ապագա, քան մենք երբևէ ունեցել ենք, հետևաբար մեր ընտրությունը և մեր հայացքը պետք է ուղղվի Հայաստանի այն քաղաքական դերակատարների ուղղությամբ, որոնք ձեզ խոստանում են սուվերեն Հայաստան»։
Նա նաև հավելեց, որ Հայաստանի ինքնիշխանությունից անգամ մեկ սանտիմետր հետքայլը անընդունելի է։ «Մեզ համար Հայաստանի ինքնիշխանությունը սրբազան բան է, դրանից մեկ սանիմետր հետքայլը անընդունելի է, և մենք վստահեցնում ենք, որ այս պարագայում դուք կունենանք վստահություն, որ Հայաստանում ամեն բան լավ է լինելու»։
comment.count (0)