Մենք գոհ ենք ընտրարշավի անցկացման մեր ակտիվությամբ և մեր ժողովրդի պատասխանով։ Այս մասին այսօր՝ ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ցուցակը գլխավորող Վահե Գասպարյանը։
«Անշուշտ, անհավասար պայմաններում ենք գտնվել և դա այլ կերպ չէր կարող լինել, որովհետև ապրում ենք մի համակարգում, որը խտրականություն է դնում և ըստ քաղաքական պատվերի տարբեր կերպ է լուսաբանում և մեկնաբանում, տարբեր խտությամբ ու երկարությամբ»։
Նա ընդգծեց, որ այնուամենայնիվ, կարողացել են ասելիքը հասցնել ժողովրդին։ «Օր օրի, ժամ առ ժամ ժողովրդի աճող հետաքրքրությունը «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի հանդեպ դրա վկայությունն է։ Մեզ համար գաղտնիք չի, որ մեր ժողովուրդը զզվել է նախկին ռեժիմի բոլոր ներկայացուցիչներից, և խորը հիասթափություն է ապրում ներկա ապիկար իշխանություններից, և փնտրում է այլընտրանքային ուժ։ Եվ այդ ալընտրանքը հենց «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ն է»։
Նա նաև ասաց, որ ժողովրդին վերջին 12 օրերին փորձել են թյուրիմացության մեջ գցել՝ ասելով, որ հիմնական պայքարը գնալու է նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների մեջ։ «Բայց ժողովուրդը այդ ծուղակի մեջ այլևս չընկավ։ Ինչու՞ այլևս, որովհետև այդ ծուղակը աշխատեց 2018 թ․-ին, բայց այդ ժամանակ այլ իրավիճակ էր, հիմա ժողովուրդը հասկանում է, թե ինչ խաղ են փորձում խաղալ նրա գլխին, և հասկանում է, որ իրականում հիմնական ուժը հենց «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ն է՝ որպես ազգային ուժերի առաջամարտիկ, իսկ մնացած բոլոր ուժերը կամ ներկայացնում են Կրեմլի շահերը, կամ մանր մունր ուժեր նպատակ են հետապնդում ընդամենը փոշիացնել ձայները»։
comment.count (0)