Հայաստանը պետք է պատրաստ լինի կոշտ արձագանքել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության. Նորայր Աղայան  |aravot.am|
15:04 - 18 հունիսի, 2021

Հայաստանը պետք է պատրաստ լինի կոշտ արձագանքել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության. Նորայր Աղայան |aravot.am|

aravot.am: Հարցազրույց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Նորայր Աղայանի հետ։

– Պատերազմ, համավարակ: Հայաստանը ոչ միայն տնտեսական ճգնաժամի մեջ է, այլ քաղաքական: «Ազգային օրակարգ» կուսակցությունն ի՞նչ ծրագրեր ունի երկիրը ճգնաժամային այս իրավիճակից դուրս բերելու համար:

– Հայաստանում ճգնաժամ է բոլոր ոլորտներում՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, կառավարման: Պետական ինստիտուտները մեծամասամբ չեն գործում և մենք կանգնած ենք ինքնիշխանության կորստի վտանգի առջեւ: Առաջին հերթին անհրաժեշտ է հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը եւ, որպես անհրաժեշտ նախապայման՝ օտարի շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանախմբին զրկել իշխանությունից: Ընտրությունները, սակայն, չեն լուծելու քաղաքական ճգնաժամը եւ նույնիսկ կարող են այն խորացնել, եթե դրանց արդյունքում իշխանության չգան ազգային, եթե կուզեք՝ ազգայնական ուժեր եւ չձեւավորեն ազգային պետություն: Մեր երկիրը զավթվել է ներսից եւ միայն ազգային-ազատագրական պայքարի միջոցով է հնարավոր հասնել վերը նշված նպատակին: Մենք հենց այդ տրամաբանությամբ ենք գործում եւ ընտրությունները դիտարկում ենք որպես այդ պայքարի հերթական փուլ:

Մենք մշակել ենք մանրամասն ծրագիր եւ նշել այն առաջնային քայլերը, որոնք անհրաժեշտ են այս իրավիճակից դուրս գալու համար: Այդ ծրագրային դրույթները մենք պարբերաբար ներկայացնում ենք մեր հասարակությանը տեղեկատվական հարթակներում, մեր կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում եւ տելեգրամ ալիքում: Մենք հարգում ենք մեր ընտրողին եւ շատ կուզենայինք, որ մեր ազգը գոնե այս անգամ ընտրություն կատարի ծրագրային դրույթների հիման վրա, այլ ոչ թե անձնավորված կամ զգացական շարժառիթներով:

-Այսօր առաջնահերթ հարց է՝ գերիների վերադարձն ու Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերին հեռացնելու խնդիրը: Ինչպե՞ս եք պատրաստվում այս երկու կարեւոր խնդիրները լուծել:

– Հայաստանի շուրջ տեղի են ունենում լրջագույն իրադարձություններ, տեղի է ունենում տարածաշրջանի ձեւափոխում, Հայաստանի վերաբերյալ որոշումներ են կայացվում առանց հայկական կողմի մասնակցության եւ այդ որոշումները վերջնական փուլում ուղղակի պարտադրվում են մեզ: Այս իրավիճակից դուրս գալու համար առաջնային է ինքնիշխանության վերականգնումը: Ազգային ուժերի իշխանության գալու պարագայում հրատապ լուծում պետք է ստանան անվտանգային հարցերը: Հայաստանը պետք է պատրաստ լինի կոշտ արձագանքել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության:

Սահմանախախտ ցանկացած անձ պետք է ստանա համարժեք պատասխան, հնարավորության դեպքում այդպիսի անձինք պետք է գերեվարվեն հայկական ուժերի կողմից եւ այնուհետեւ փոխանակվեն հայ ռազմագերիների հետ: Մենք պետք է գիտակցենք վերջապես, որ թշնամին հասկանում է միայն ուժի լեզուն եւ այդ ուժը պետք է ցուցադրել: Միաժամանակ անհրաժեշտ է վերագործարկել մեր դիվանագիտական ջանքերը բոլոր հնարավոր հարթակներում եւ իրավական ու քաղաքական ճնշում գործադրել թշնամու վրա:

-5 հազար զոհեր, կորցրած տարածքներ, ապագայի նկատմամբ հավատի կորուստ, երեք տարի շարունակ սեւերի եւ սպիտակների բաժանված հասարակություն. ի՞նչ քայլեր եք անելու հասարակությանը համախմբելու, սպասվող արտագաղթը, որի մասին Ձեր քաղաքական ուժն էլ հաճախ է մտավախություն հայտնել, կանխելու համար:

– Այս պահին արտագաղթի միտումները պայմանավորված են առաջին հերթին անվտանգության վերաբերյալ մտավախություններով: Մենք պետք է վերականգնենք հավատը պետական ինստիտուտների նկատմամբ եւ առաջին հերթին՝ բանակի: Հայը պետք է սկսի սիրել իր պետությունը: Հասարակության համախմբումը, անկասկած, կարեւոր խնդիր է, բայց համախմբվել ինչի՞ շուրջ: Հայությունը վերջապես պետք է ձեւակերպի իր ազգային նպատակները եւ ապրի իր արժեհամակարգին ու առաքելությանը հատուկ վարքականոններով: Հենց դրա շուրջ էլ պետք է տեղի ունենա համախմբումը:

-Արցախի հարցի լուծման՝ «Ազգային օրակարգի» ճանապարհային քարտեզը ո՞րն է:

– Նախ պետք է կասեցնել Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հայտարարությունների գործողությունը եւ մասնավորապես սահմանազատման ու սահմանագծման գործընթացները, որոնց հիմնական նպատակն է Արցախի վերջնական հանձնումը, ինչպես նաեւ Նախիջեւանի ու հայկական այլ կենսատարածքների նկատմամբ մեր ազգային նկրտումների բացառումը: Միաժամանակ պետք է ձեւավորել Արցախյան հիմնահարցի լուծման նոր օրակարգ՝ Մինսկի խմբի շրջանակներում: Պետք չէ մոռանալ, որ հենց վերջինս է օժտված հիմնահարցի կարգավորման լիազորություններով, եւ Պուտին-Ալիեւ-Փաշինյան ոչ իրավաչափ եռակողմ հայտարարությունները չեն կարող փոխարինել այդ ձեւաչափը: Հիմնախնդրի հայանպաստ լուծման հասնելու համար կարեւոր է ռազմավարական գործընկերային հարաբերությունների հաստատումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոմիության, Չինաստանի, Հնդկաստանի եւ Իրանի հետ:

Շարունակությունը՝ aravot.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել