ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին
10:05 - 17 ապրիլի, 2019

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին

hetq.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարության կառուցվածքի և գործունեության փոփոխության մասին օրինագծի քննարկմանը վստահեցրեց՝ կառավարությունը որևէ հիմնավոր պատճառ չի ներկայացրել, բացի ինտուիցիայից։

«Օպտիմալացումը կատարվում է` ապավինելով կառավարության ինտուիցիային, չեմ ուզում կասկածի տակ դնել կառավարության առանձին անդամների ինտուիցիան, բայց էս դեպքում, երբ գործ ունենք քաղաքացիների ճակատագրերի հետ, որոնց մի մասն արդեն գործազուրկ է, մի մասն էլ դառնալու է գործազուրկ, այս օպտիմալացման արդյունքում, նման դեպքում ես անգամ Վանգայի ինտուիցիայի վրա հույս չէի դնի»,- ասաց նա։

Զոհրաբյանի խոսքով՝ որքան էլ պատգամավորները խաչաձև հարցեր տվեցին, թե որքան գումար է տնտեսվելու օպտիմալացման արդյունքում, միևնույն է, չտրվեցին բովանդակային պատասխաններ։

«Ասվեց, որ ոչինչ հնարավոր չէ ասել, մինչդեռ փոխվարչապետի և ֆինանսների նախարարի նամակագրական էպիստոլյար ժանրից ընդամենը վերջերս տեղեկացանք, որ եթե անգամ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայող դառնա գործազուրկ, դրանից շահելու է հայոց պետականությունը»,- հիշեցրեց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով, այն հարցերին, թե ինչ է լինելու գործազուրկ դարձած հպարտ քաղաքացիների հետ, կառավարությունից պատասխանում են՝ մնալու են ռեզերվում։

«Նստելու են պահեստայինի նստարանին, վստահ եմ՝ ես էլ, դուք էլ չեք կասկածում` նստելու են հավերժ»,- ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ մշակույթի նախարարության միաձուլմանը կրթության և գիտության նախարարության կազմում։

Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ այդպես էլ չասվեց, թե որն է օպտիմալացման պատճառը, թե որքան գումար է խնայվելու, որքան աշխատող է կրճատվելու և ինչ ճակատագիր են ունենալու վերջինները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել