Նաիրա Զոհրաբյանն այս փուլում պատգամավորին լրավճար տալը համարում է անբարոյականություն |hetq.am|
14:51 - 15 հուլիսի, 2021

Նաիրա Զոհրաբյանն այս փուլում պատգամավորին լրավճար տալը համարում է անբարոյականություն |hetq.am|

hetq.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած նախագիծը, որով պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական 50 հազար դրամը hնգապատկվում է, անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս փուլում անբարոյականություն է համարում: Նման տեսակետ հայտնեց պատգամավորը` լրագրողների հետ զրույցում:

«Եթե համեմատում ենք տարածաշրջանի եվրոպական երկրների պատգամավորական աշխատավարձի հետ, ասել որ մեր աշխատավարձերը բարձր են, էդպես չէ: Ես գտնում եմ, որ պատգամավորները, նաև նրանք, ում վրա դրված է պետության կառավարման բեռը, պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց հիմա էդ փուլը չէ, հիմա ավելի կենսական խնդիրներ ունենք»,-ասաց նա:

Զոհրաբյանի համար ամենազավեշտալին հիմնավորումն էր. 50 հազար դրամը դարձնել 250 հազար դրամ, որ պատգամավորը գնա հանդիպման ընտրողի հետ:

Նա խորհուրդ տվեց ԱԺ կադրերի բաժնից տեղեկություն ստանալ, թե ամենաշատը որ պատգամավորների հետ են քաղաքացիները հանդիպում խնդրել` վստսահեցնելով, որ նման պատգամավորների եռյակում է:

«Դրա համար ինձ որևէ լրավճար պետք չի եղել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Զոհրաբյանի կարծիքով` խորհրդարանը պիտի մերժի այս նախագիծը, որովհետև պատգամավորների պարտականությունն է հանդիպել քաղաքացիների հետ, դրա համար վերջիններս ստանում են աշխատավարձ:

Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց այդ գումարներն ուղղել վիրավորում ստացած զինծառայողների արտերկրում բուժմանը:

«Բզկտված Հայաստանով ու Արցախով այնքան առաջնահերթ խնդիրներ ունենք, որ պատգամավորին լրավճար տալը ես համարում եմ անբարոյականություն: Ինչ-որ պահի, երբ տնտեսությունը կայուն կլինի, առաջնային խնդիրները լուծված կլինեն, կարիք կլինի անդրադառնալ պաշտոնյաների աշխատավարձին, բայց այսօր մեր 100-րդ խնդիրը պետք է լինի, ոչ թե առաջնային»,-նշեց Զոհրաբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել