armenpress.am: Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, հուլիսի 15-ին շարունակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի փաստաբանական թիմը:
Մասնավորապես, դատարանը հուլիսի 15-ին լսել է պաշտպանական կողմի դիրքորոշումը դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդության վերաբերյալ։ Պաշտպանները պնդել են, որ գործը կասեցնելու և ՍԴ դիմելու հիմքեր չկան և խնդրել, որ միջնորդությունը մերժվի:
«ՍԴ որոշումից հետո, երբ փաստացի ապաքրեականացվել է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, դատարանն ունեցել է իմպերատիվ պարտականություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին»,- նշել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն, իր հերթին, ընդգծել է, որ գործի քննության այս փուլում, քանի դեռ դատարանը չի անցել ներկայացված բուն բողոքների քննարկմանը և չգիտի՝ դրանց մեջ խնդիր կա՞, թե՞ ոչ, հնարավոր չէ բավարարել դատախազության սույն բողոքը։
Վերաքննիչ դատարանը, լսելով կողմերին, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
comment.count (0)