tert.am: Մենք պետք է գնանք խորհրդարան և շարունակենք մեր պայքարը, ներկայացնենք մեր ժողովրդի շահերը և օգտագործենք այդ հարթակը: Այս մասին Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտնել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Հարցին՝ պատրաստ են ԱԺ-ում համագործակցել իշխանության հետ, Վանեցյանը նշել է. «Իշխանութունների հետ համագործակցելու պատրաստ չենք, լինելու ենք ընդդիմադիր ուժ»: Դիտարկմանը՝ ԵԽԽՎ-ում, Եվրոպայի խորհրդում ընդդիմությունը իշխանությունը պետք է իրար հետ համագործակցեն և աշխատեն, Վանեցյանը ասել է. «Ես արդեն նշեցի՝ ինչը կվերաբերվի ՀՀ պետական շահի կամ ազգային շահի առաջմղմանը, այո, պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, ոչ միայն իշխանությունների, առհասարակ՝ քաղաքական բոլոր ուժերի հետ»:
Խոսելով ընդդիմադիր մյուս ուժի՝ «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության մասին՝ Վանեցյանը նշել է, որ միանշանակ երկուսն էլ գործելու են ընդդիմադիր դաշտում և լինելու են բնական դաշնակիցներ:
Դիտարկմանը, որ երեկ նույն հաղորդման ընթացքում հյուրը (Գագիկ Մելքոնյան-խմբ.) խոսել է մարտի դաշտից Վանեցյանի փախուստի մասին, Վանեցյանը նշել է.
«Դա իմ համար իրոք շատ ցավոտ թեմա է: Դա իրականության հետ որևէ աղերս չունի, «Հայրենիք» զորախմբի միակ մեղավորությունն է, որ չենք զոհվել: Մենք արել ենք ամեն ինչ և վերջին օրը, երբ հայտնի դարձավ հայտնի հայտարարության ստորագրումը, ես գնացել եմ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի մոտ և ասել եմ՝ մենք ուրիշ առաջադրանք ունենք, ասել է՝ ոչ, վերադարձել ենք Հայաստան, Վարդենիսում հանձնել ենք բոլոր զենքերը, որ ստացել են ՊՆ-ից և վերադարձել ենք Երևան»:
Վանեցյանը խոսել է նաև Գագիկ Մելքոնյանի մասին՝ նշելով, որ նա Հայաստանի ԶՈՒ-ի ամենամեծ թալանն իրականացնողի համբավ ունի. «Մարդ, ով ունի բազմաթիվ հանքեր, Անապայում հյուրանոց, ռեստորաններ, դղյակներ՝ ըստ շրջանառվող լուրերի: Ապօրինի հարստացման մասին շատ են սկսել խոսել, թող ստուգեն:
Մենք եղել ենք ՊԲ հրամանատարի ուղիղ ենթակայության ներքո, մեզ ուղարկել են ամենադժվար վայրերը, ինչ-որ մի բան լինում էր, մեզ ուղարկում էին, այսպես ասենք, որպես հատուկ ջոկատ: Նոյեմբերի 5-ին Արայիկ Հարությունյանի խնդրանքով գնացել ենք Ասկերանի շրջանի Շոշ գյուղ, ասում էր՝ մարդ չկա, այդտեղ պետք է պահել, գնացել և մինչև վերջին վայրկյանը մնացել ենք Շոշ գյուղում, և մինչև այսօր այդ դիրքերը և Շոշ գյուղը գտնվում են հայկական վերահսկողության տակ: Իսկ որտեղ է եղել այդ Գագիկ Մելքոնյանը, որ դիրքերն է պահել պատերազմի ժամանակ: Իմ ունեցած տեղեկություններով՝ Քելբաջարում է եղել, հիմա որտեղ է Քելբաջարը: Մենք ենք հանձնել, թե ինքը»:
comment.count (0)