Թալիբները հայտարարել են, որ թույլ չեն տա Աֆղանստանում թուրքական զորքերի տեղակայում |hetq.am|
21:21 - 22 հուլիսի, 2021

Թալիբները հայտարարել են, որ թույլ չեն տա Աֆղանստանում թուրքական զորքերի տեղակայում |hetq.am|

hetq.am: «Թալիբան» արմատական շարժումը թույլ չի տա Թուրքիային իր զորքերը մտցնի Աֆղանստան։ Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահեդը։ 

«Մենք արդեն մերժել ենք Թուրքիայի դիրքորոշումը և հայտարարել, որ Աֆղանստանից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո, առանց որևէ պատրվակի, մենք օտարերկրյա ուժերին թույլ չենք տա մնալ այդ երկրում։ Մենք դեմ ենք Թուրքիայի որոշմանը…. Եթե նա կնպաստի բանակցությունների առաջընթացին և կկարողանա նպաստել Աֆղանստանում առկա իրավիճակին, մենք կողջունենք դա, բայց թույլ չենք տա գտնվել Աֆղանստանում»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։ 

Մուջահեդը նաև հայտնել է, որ շարժումն ամբողջությամբ վերահսկում է Թուրքմենստանի և Իրանի հետ սահմանը։ «Թուրքմենստանի և Իրանի հետ սահմանը, ինչպես նաև Պակիստանի հետ սահմանի մեծ մասը ամբողջությամբ գտնվում է մեր վերահսկողության տակ… Տաջիկստանի հետ սահմանը Բադահշանից մինչև Թահար ու Կանդուրա գտնվում է մեր վերահսկողության տակ։ Աֆղանստանի և Ուզբեկստանի սահմանի մեծ մասը ևս թալիբների վերահսկողության տակ է, չնայած Կալդար նահանգի Հայրաթան բնակավայրը Քաբուլի վերահսկողության տակ է»,- հավելել է Մուջահեդը։ 

Աֆղանստանում մարտեր են ընթանում կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման միջև։ Վերջիններիս վերահսկողության տակ է անցել երկրի գյուղական շրջանների մեծ մասն ու հարձակում սկսել խոշոր քաղաքների ուղղությամբ։ Լարված իրավիճակն սկսվել է Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, որը կավարտվի մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը։ 2020 թվականին Դոհայում Վաշինգտոնն ու թալիբները, պատերազմի մեկնարկից 18 տարի անց, կնքեցին խաղաղության առաջին դաշնագիրը։ Այն նախատեսում էր 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկիզբ՝ գերիների փոխանակումից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել