Բլինքենը Ֆիդանի հետ քննարկել է Պաղեստին Պետության ստեղծումը՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով
 |1lurer.am|
21:04 - 29 ապրիլի, 2024

Բլինքենը Ֆիդանի հետ քննարկել է Պաղեստին Պետության ստեղծումը՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի գործընկեր Հաքան Ֆիդանի հետ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն հանդիպել են Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:

«Պետքարտուղար Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում անհապաղ զինադադարի հասնելու ջանքերը, որը կապահովի պատանդների ազատ արձակումը և կօգնի մեղմելու Գազայում պաղեստինցիների տառապանքը»,- նշել է Միլլերը:

Նրա խոսքով՝ պետքարտուղարն ընդգծել է, որ գործարքն ընդունելու՝ ՀԱՄԱՍ-ի մերժումն է պատճառը, որ հակամարտությունը շարունակվում է, և կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել պաղեստինյան զինված խմբավորմանը համոզելու ընդունել անհապաղ հրադադարի առաջարկը, որը քննարկման փուլում է:

«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը նաև քննարկել են տարածաշրջանում տևական խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերը, այդ թվում՝ Պաղեստինի Պետության ստեղծումը՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով: Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կանխարգելելու կարևորությունը»,- ասել է պետքարտուղարության խոսնակը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել