Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի հայտարարություններին․ ՀՔԾ
15:53 - 14 մարտի, 2019

Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի հայտարարություններին․ ՀՔԾ

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի կողմից լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հնչեցրած հայտարարություններին ի պատասխան անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը.

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից երբևիցե արված յուրաքանչյուր հայտարարություն, այդ թվում` բանակը մարտի 1-ի դեպքերին ներգրավելու, դրա արդյունքում սահմանին հերթապահություն իրականացնող զինվորներին ժամանակին չփոխարինելու, բանակի կողմից մարտական փամփուշտներով լիցքավորված հրազեն կիրառելու և մասնավոր միջոցների հաշվին զինվորականներին գումար բաժանելու վերաբերյալ, հիմնված է բացառապես քրեական գործի շրջանակներում դատավարական ընթացակարգերով ձեռք բերված հավաստի ապացույցների վրա: Հուսով ենք, որ մոտ ապագայում բոլոր այդ ապացույցները կհետազոտվեն հրապարակային դատաքննության ընթացքում, և պաշտպանական կողմն այլևս զրկված կլինի սուտ տեղեկություններ տարածելու միջոցով հանրությանն ապակողմնորոշելու փորձեր անելու հնարավորությունից:

Այս ամենից հետո մնում է ենթադրել միայն, որ Ռուբեն Սահակյանը կամ չի ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ ծանոթացել է, սակայն դրանք ներկայացնում է խեղաթյուրված` մոլորեցնելով հանրությանը, կամ էլ ծանոթացել է, սակայն որոշ օբյեկտիվ պատճառներով ունակ չէ ընկալել դրանց բովանդակությունը, ինչն ավելի մտահոգիչ է, քանի որ այդ պարագայում կստացվի, որ նա խաբում է ոչ միայն հանրությանը, այլ նաև իր վստահորդին:

Չենք ուզում, իհարկե, Ռուբեն Սահակյանին հակադարձել իր իսկ ցածրորակ արտահայտություններով, փոխարենը նրան կոչ ենք անում չանցնել կոռեկտության ու փաստաբանական էթիկայի սահմանները:

Հատուկ քննչական ծառայություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել