Արցախի բանակցային սեղան վերադարձի մասին հայտարարությունները մարտահրավեր չեն, երկխոսության հրավեր են․ Նիկոլ Փաշինյան
09:12 - 19 մարտի, 2019

Արցախի բանակցային սեղան վերադարձի մասին հայտարարությունները մարտահրավեր չեն, երկխոսության հրավեր են․ Նիկոլ Փաշինյան

Անդրադառնալով Արցախի բանակցային սեղանին վերադարձնելու վերաբերյալ հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց․

«Ես անկեղծ ասեմ, այն, ինչ հրապարակային ասվում է, դա նորություն չէ ո՛չ Մինսկի խմբի համանախագահների համար, ո՛չ էլ ադրբեջանցի մեր գործընկերների համար։ Որովհետև այն, ինչ ասել ենք այս ընթացքում՝ բոլոր շփումներում, այդ օրակարգը ես առաջադրել եմ։Դա նույն օրակարգն է, որը ձևավորվել է 2018 թվականի մայիսին։ Այդ օրակարգի սպասարկումը մենք շարունակում ենք, և ուզում եմ արձանագրել մի կարևոր նրբություն․ ես, ինչպես արդեն Ստեփանակերտում հայտարարեցի, սա ոչ քմահաճույք է, ոչ նախապայման, մենք այս թեմայով քննարկումները շարունակելու ենք մեր գործընկերների հետ և փորձելու ենք այս քննարկումը շարունակել փաստարկների դաշտում։

Բանակցությունը բանակցություն է նրանով, որ մենք իրար լսում ենք։ Հայաստանը ցուցաբերել է այդ ընդունակությունը․ լսել դիմացինին, փորձել հասկանալ դիմացինին, և մենք նույնը ակնկալում ենք նաև իրենցից։

Այնտեղ, որտեղ մեր գործընկերները համարում են, որ մեր դիրքորոշումը կարող են գնահատել չափից դուրս կարծր, մենք կարող ենք մեղմացնել, բայց նույն ակնկալիքը մենք պետք է ունենանք նաև մեր գործընկերներից, որովհետև խոսակցություն, հակառակ դեպքում, տեղի չի ունենա։

Նմանատիպ առաջին հայտարարությունը ես արել եմ, ըստ էության, Ազգային ժողովում՝ որպես վարչապետի թեկնածու և նաև վարչապետ ընտրվելուց հետո ես գտնվել եմ Ստեփանակերտում և նույն հայտարարությունը արել եմ այնտեղ։

Այս հայտարարությունները մարտահրավեր չեն, սրանք երկխոսության հրավեր են, սրանք երկխոսության գործընթաց են և այդ երկխոսությունը նոր չի սկսվել։ Այդ երկխոսությունը սկսվել է Դուշանբեում, շարունակվել է Սանկտ Պետերբուրգում, այդ երկխոսությունը տեղի է ունեցել Դավոսում։ Մենք չենք պատկերացնում մի ռեժիմ, որ կողմերից որևէ մեկը ասի՝ ես երկխոսությունից հրաժարվում եմ։

Դա տրամաբանական մոտեցում չի լինի, բնականաբար, մենք էլ երկխոսությունից չենք հրաժարվի և այդ երկխոսության ընթացքում սեղանին կդնենք մեր փաստարկները, ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները։

Կարծում եմ, որ կառուցողական և արդյունավետ լուծումը կամ շարունակությունը հենց այս տրամաբանության շրջանակում պետք է լինի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել