Մայրաքաղաքի սրտում գտնվող Օպերային պետք է վերադարձնել իր նախնական մշակութային, կրթող եւ բարձր արվեստի կետին, այնտեղ չպիտի լինեն փչովի խաղալիքներ, Օպերայի կողքից հնչող այլ երաժշտություն չպիտի լինի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց երգչուհի Լիլիթ Պիպոյանը՝ անդրադառնալով Օպերային թատրոնի հարակից տարածքի առաջին գոտին սրճարաններից ազատելու գործընթացին: Երգչուհին համոզմունք հայտնեց, որ եթե նույնիսկ թողնվեն մի քանի սրճարաններ, ապա դրանք պետք է լինեն մաքսիմալ լուռ եւ ավելորդ չխանգարեն:
«Մեր բնակիչներն ուղղակի գերհոգնած են երաժշտական այդ համատարած աղմուկից: Ուր գնում ես երաժշտություն է հնչում, ընդ որում՝ բարձր, անհասկանալի, վատ. նման երաժշտությունը պետք է պակասի: Քաղաքի աղմուկը պիտի պակասի՝ խանութներից, փողոցներից, էլ չասեմ Օպերայի տարածքից: Այնտեղ չի կարող կողքից որեւէ այլ երաժշտություն հնչել, որովհետեւ Օպերան երաժշտության տաճար է՝ քաղաքի սրտում տեղադրված»,-ասում է նա:
Երգչուհու համոզմամբ՝ քաղաքաշինության մեջ էլ առաջնայինը պիտի գաղափարը իշխի. «Քանի որ գիտեմ Օպերայի շենքի կառուցման պատմությունը եւ գիտեմ, թե Ալեքսանդր Թամանյանն ինչ էր ծրագրում Օպերայի շուրջ, հստակ կարող եմ ասել, որ նա ցանկանում էր ստեղծել մի այնպիսի վայր, որի շուրջ նաեւ մշակութային կյանք պիտի զարգանար, այսինքն պիտի աջակցեր մշակույթին»:
comment.count (0)