Պետական հեղաշրջման փորձ Գվինեայում․ զինվորականները հայտնում են, որ ձերբակալել են երկրի նախագահին
18:54 - 05 սեպտեմբերի, 2021

Պետական հեղաշրջման փորձ Գվինեայում․ զինվորականները հայտնում են, որ ձերբակալել են երկրի նախագահին

Այսօր Գվինեայում զինվորականները ապստամբություն են կազմակերպել: Նրանց առաջնորդ, գնդապետ Մամադի Դումբույան հայտարարել է, որ երկրի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալված է: Այս մասին գրում է TACC-ը՝ ներկայացնելով այն ամենը, ինչ այս պահին հայտնի է երկրում տեղի ունեցածից։

Agence France-Presse-ի փոխանցմամբ ինտեսնսիվ կրակոցներ են հնչել երկրի մայրաքաղաք Կոնակրիի կառավարական թաղամասում: Շատ զինվորականներ դուրս են եկել փողոց՝ հորդորելով անցորդներին անհապաղ վերադառնալ իրենց տները եւ դուրս չգալ այնտեղից։

Զինվորականները արգելափակել են դեպի մայրաքաղաք մուտքի հյուսիսարևելյան ուղղությունը։ Ավելի ուշ նրանք հայտարարել են երկրի Սահմանադրության կասեցման եւ խորհրդարանի լուծարման մասին: Դումբույան հրամայել է փակել Գվինեայի արտաքին սահմանները և զինվորականներին կոչ արել մնալ զորանոցներում:

Նա նաև հայտնել է, որ ստանձնել է Համախմբման և զարգացման ազգային կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Նրա խոսքով, կոմիտեի նպատակն է միավորել երկրի բոլոր քաղաքացիներին՝ պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար:

Գվինեայի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ նախագահական պալատի վրա հատուկ ջոկատայինների հարձակումը կասեցվել է, սակայն ոչինչ չի հայտնել երկրի նախագահի գտնվելու վայրի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել