3762 ընտանիք օգտվել է 2020-ին Արցախի շրջաններից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից
09:46 - 04 նոյեմբերի, 2023

3762 ընտանիք օգտվել է 2020-ին Արցախի շրջաններից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից

Հայաստանում Արցախից բռնի տեղահանված մոտ 100 հազար մարդ այժմ սպասում է երկարաժամկետ կացության ապահովմանն ուղղված կառավարության ծրագրերին։ Նախորդ ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնելու, այդ թվում՝ բնակարանային ապահովմանը, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելուն ուղղված, «որպեսզի Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները շարունակեն ապրել Հայաստանում»։

Կառավարությունը բնակարանային ապահովման նույն խնդրի առաջ էր կանգնել դեռ 3 տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի առանձին շրջաններից տեղահանված անձինք Հայաստանում բնակություն հաստատելու կարիք ունեին։ Նրանց կացության հարցը լուծելու համար հաստատվեց 2020 թվականին տեղահանված արցախցիներին բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։  

«Ինֆոքոմը» վերլուծել է 2020 թվականին Արցախի շրջաններից տեղահանված և պետական աջակցությամբ բնակարան կամ տուն ձեռք բերած ընտանիքների վերաբերյալ տվյալները՝ հասկանալու, թե որ մարզերում են նրանք նախընտրել հաստատվել և ինչպես է կառավարությունը կարգավորել բնակչության բաշխվածությունը։ 

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարոության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է 3 762 ընտանիք։ Ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտել է 1 696 ընտանիք։ Նրանցից  1 686-ը ընտանիք ձեռք է բերել բնակարան, իսկ 10-ը ստացել է կառուցապատման վարկ։

1 696 ընտանիքներից ընդամենը 11-ն են անշարժ գույք ձեռք բերել Արցախում։ Հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտած ընտանիքների շուրջ 74%-ը անշարժ գույք ձեռք է բերել Երևանին մոտ և անվտանգային տեսանկյունից պակաս խոցելի մարզերում՝ Կոտայք, Արագածոտն, Արարատ, Արմավիր, Լոռի, Շիրակ։ 14 ընտանիք անշարժ գույք է ձեռք բերել Երևանում, 71 ընտանիք՝ Գեղարքունիքի մարզում, 91-ը՝ Վայոց ձորի մարզում, 14-ը՝ Տավուշի մարզում, իսկ 246-ը՝ Սյունիքի մարզում։

2020-ին Արցախի շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրից կարող էին օգտվել Արցախի առանձին շրջաններից տեղահանված այն ընտանիքները, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ փաստացի բնակված կամ հաշվառված էին այդ տարածքներում։ Աջակցությունը տրամադրվել է հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու, ինչպես նաև անհատական բնակելի տուն կառուցելու համար։ Տրամադրված գումարն  ուղղվել է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների մարմանը։

Հաստատվելուց հետո ծրագիրը մի քանի անգամ փոփոխվել է։ Ծրագրի նախնական տարբերակում աջակցությունը հատկացվում էր երեք ուղղություններով՝ Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում անշարժ գույք ձեռք բերելու համար.

  1. Երևանում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար հատկացվում էր մինչև 8 մլն դրամ։ Ընդ որում, մայրաքաղաքում տուն կամ բնակարան կարող էին գնել միայն այն անձինք, որոնք նախքան Արցախում բնակվելն ունեցել են Երևանի հաշվառում։
  2. Հայաստանի մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով հատկացվում էր մինչև 10 մլն դրամ։ Մարզերում անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն այն անձինք, որոնք նախքան Արցախում բնակվելը հաշվառված են եղել Հայաստանում։
  3. Մնացած բոլոր դեպքերում 12 մլն դրամ աջակցություն էր տրամադրվում  Արցախում անշարժ գույք ձեռք բերելուն կամ կառուցելուն։ 

2022 թվականի հոկտեմբերին փոփոխվեց ՀՀ մարզային բնակավայրերում տուն ձեռք բերելու պահանջը։ Եթե նախորդ որոշմամբ պարտադիր էր մինչև Արցախում բնակվելը Հայաստանում հաշվառված լինելը, ապա նոր փոփոխությամբ քաղաքացիները պետք է նախքան Արցախում բնակվելը հաշվառված չլինեին Արցախի Հանրապետությունում։ Այս փոփոխությամբ տարանջատվեցին նաև սահմանամերձ բնակավայրերը՝ նախնական կիրառվող երեք ուղղություններին ավելացնելով ևս երկուսը.

  1. Սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար տրամադրվում էր մինչև 14 մլն դրամ։ 
  2. Սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում՝ 16 մլն դրամ։

Այս տարվա փետրվարին ևս մեկ փոփոխությամբ ընդլայնվեց ծրագրի կիրառությունը։ Շահառուներն արդեն հնարավորություն էին ստանում բազմաբնակարան շենքից բնակարան գնելու։ Այս տարվա փետրվարի դրությամբ՝ ծրագրի հաստատումից մեկ տարի անց, անշարժ գույք ձեռք բերելու հավաստագիր էր ստացել 3423 ընտանիք, որոնցից շուրջ 300-ն արդեն այն ձեռք էր բերել կամ հիփոթեքային վարկավորման գործընթացը գտնվում էր ավարտական փուլում։ 

Ծրագրի վերջին փոփոխությունները կատարվեցին այս տարվա հունիսին։ Սահմանվեցին Հայաստանի առանձին գյուղական բնակավայրեր, որտեղ տուն ձեռք բերելու համար շահառուներին կհատկացվեր մինչև 12 մլն դրամ՝ նախկին 10 մլն-ի փոխարեն։ Վերջին փոփոխությամբ երկարաձգվեց նաև հավաստագրերի գործողության ժամկետը՝ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։ 

Կառավարությունը դեռ քննարկում է մոտ 100 հազար արցախցու երկարաժամկետ բնակարանային ապահովման հարցը։ Չնայած նրան, որ այս հարցով դեռևս նախագիծ չկա, վարչապետի տարբեր ելույթներից կարելի է ենթադրել, որ Կառավարությունը խրախուսելու է սահմանամերձ բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու գործընթացը։

Լյուսի Մանվելյան

Գլխավոր լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել