Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվել է «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով |hetq.am|
09:15 - 07 մարտի, 2019

Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվել է «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով |hetq.am|

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտվել է «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով:

Վարդգես Գասպարիին, որպես փոխհատուցում, կառավարությունը մինչև մարտի 20-ը պետք է վճարի 4000 եվրոյին համարժեք դրամ:

«Գասպարին ընդդեմ Հայաստանի»


2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: ՄԻԵԴ-ի փոխանցմամբ՝ այս կապակցությամբ բողոքի ցույցերը դադարեցվել են 2008 թվականի մարտի 1-ին՝ ոստիկանության միջամտությունից հետո, ինչը հանգեցրել է ցուցարարների ու իրավապահ մարմինների ծառայողների միջև բախումների և բազմաթիվ ձերբակալությունների: 2008 թվականի մարտի 1-ին դիմումատուն ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Մարտի 5-ին նրան մեղադրանք է առաջադրվել ու Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է դիմումատուին՝ հաշվի առնելով մեղսագրվող հանցանքի վտանգավորության աստիճանը և այն հանգամանքը, որ եթե դիմումատուն մնար ազատության մեջ, ապա կարող էր թաքնվել քննությունից, խոչընդոտել վարույթի իրականացմանը, կատարել մեկ այլ հանցանք և ազդել վկաների վրա:

Մարտի 11-ին Գասպարին վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն դատարանը մերժել է այն՝ նշելով, որ գործի նյութերից երևում է, որ ոստիկանության բաժին բերվելուց հետո դիմումատուն Վարդգես Գասպարիի փոխարեն ներկայացել է որպես Վարդգես Գասպարյան՝ այդպիսով կեղծ տեղեկություններ ներկայացնելով իր ինքնության վերաբերյալ: Սա բավարար հիմքեր է տվել կարծելու, որ եթե դիմումատուն մնար ազատության մեջ, ապա կարող էր թաքնվել քննությունից, կեղծել կամ թաքցնել ապացույցներ և խոչընդոտել քննությանը՝ չներկայանալով քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչվելու դեպքում:

2008 թվականի ապրիլի 23-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը որոշել է գործը նշանակել դատական քննության և անփոփոխ թողնել կիրառված խափանման միջոցը։

Մայիսի 14-ին, հունիսի 17-ին, հուլիսի 17-ին և օգոստոսի 5-ին Գասպարին դիմել է Վարչական շրջանի դատարան՝ իրեն ազատ արձակելու խնդրանքով: Դատարանը մերժել միջնորդությունները, ինչպես նաև հետաձգել հուլիսի 17-ի և օգոստոսի 5-ի միջնորդությունների քննությունը մինչև կայացվելիք որոշման համար անհրաժեշտ հանգամանքների պարզվելը:

2008 թվականի սեպտեմբերի 23-ի նիստի ժամանակ Գասպարին ևս մեկ անգամ պնդել է, որ դատարանն իրեն ազատ արձակի, և խնդրել է, որ հիմնավորի իր որոշումը: Նախագահող դատավորը մերժել է որոշում կայացնել՝ նշելով, որ հուլիսի 17-ին դատարանն արդեն որոշել է հետաձգել այդ հարցի քննությունը: Նիստը հետաձգվել է մինչև 2008 թվականի սեպտեմբերի 29-ը։

Այդ օրը նախագահող դատավորը հրաժարվել է դիմումատուի փաստաբանին թույլտվություն տրամադրել, որպեսզի վերջինս դիմումատուին ազատ արձակելու միջնորդություն ներկայացնի: Դրանից հետո Գասպարին հայտարարել է, որ ցանկանում է բացարկ հայտնել դատավորին: Ի պատասխան՝ դատավորը որոշել է ևս մեկ անգամ դատական սանկցիա կիրառել դիմումատուի նկատմամբ՝ հեռացնելով նրան դատական նիստերի դահլիճից և նիստը հետաձգելով մինչև 2008 թվականի հոկտեմբերի 3-ը:
Հոկտեմբերի 22-ին դիմումատուն մեկ այլ միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով գրավի դիմաց իրեն ազատ արձակել: Միջնորդության մասով ոչ մի որոշում չի կայացվել:
Նոյեմբերի 10-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը Գասպարիին մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ մեկ տարի ժամկետով:

2009 թվականի փետրվարի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանը, հաշվի առնելով, որ միաժամանակ փոփոխություններ էին կատարվում Քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 6-րդ մասում, և որի արդյունքում այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում դատական նիստերը հետաձգվել էին, պետք է հաշվարկվեին որպես դիմումատուի պատժի մաս, որոշում է կայացրել նրան ազատ արձակել այն հիմքով, որ նա արդեն կրել է իր պատիժը:

Դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանները 

2008 թվականի մարտի 6-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Գասպարին պահվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
ՄԻԵԴ-ի փոխանցմամբ՝ 2008 թվականի մարտի 6-7-ը Գասպարին պահվել է թիվ 9 խցում, որի մակերեսը կազմել է մոտավորապես 20-25 քմ, և որը բնակեցված է եղել 7-ից 8 խցակիցներով: Խուցը տեղակայված է եղել կիսանկուղային հարկում, եղել է շատ խոնավ և հակասանիտարական վիճակում: Դիմումատուն նամակ է հղել քրեակատարողական հիմնարկի պետին՝ բողոքելով խցում տիրող հակասանիտարական պայմաններից և խնդրել է այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկել:

Մարտի 7-ի կեսօրին նրան տեղափոխել են թիվ 29 խուց, որի մակերեսը կազմել է մոտավորապես 20-25 քմ, և որը բնակեցված է եղել տասը խցակիցներով: Այդ խցում գտնվելու ժամանակ դիմումատուն հացադուլ է հայտարարել՝ որպես բողոք Հայաստանում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների դեմ:
Նույն օրը նա տեղափոխվել է թիվ 4 խուց, որտեղ նա պահվել է մինչև 2008 թվականի մարտի 14-ը: Նրա հետ խցում եղել է հացադուլ հայտարարած մեկ այլ անձ: Խցի մակերեսը կազմել է մոտավորապես 20 քմ և կրկին գտնվել է կալանավորված անձանց պահելու վայրի կիսանկուղային հարկում: ՄԻԵԴ-ն ասում է՝ պայմանները, ենթադրաբար, եղել են հակասանիտարական, լուսավորության և օդափոխության պայմանները եղել են անբավարար: 

2008 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 15-ը դիմումատուն պահվել է թիվ 20 խցում, որի մակերեսը կազմել է մոտավորապես 20 քմ, և որը բնակեցված է եղել 10-12 խցակցով: Օդափոխության պայմանները եղել են անբավարար: Դիմումատուն բողոքել է, և նրան տեղափոխել են այլ հարկում գտնվող թիվ 42 խուց:
2008 թվականի ապրիլի 15-ից մինչև սեպտեմբերի 4-ը Գասպարին պահվել է թիվ 42 խցում, որի մակերեսը կազմել է մոտավորապես 25 քմ, և որը բնակեցված է եղել մինչև 14 խցակցով: Խցում եղել է միայն ութ մահճակալ, ուստի խցակիցները ստիպված են եղել քնել հերթով: Խցում թարմ օդի խիստ պակաս է եղել, քանի որ գրեթե բոլոր իր խցակիցները ծխող են եղել: Սանիտարական պայմանները եղել են համեմատաբար բավարար:

 Ինչ է հայտնել ՄԻԵԴ-ը 

Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում պահվել է յոթ տարբեր խցերում, որտեղ կալանքի տակ պահվելու պայմանները տարբեր են եղել:
Եղել են երկու ժամանակահատվածներ, որոնց ընթացքում դիմումատուին հստակ հատկացվել է 3 քմ-ից պակաս անձնական տարածք՝ 2008 թվականի մարտի 7-ը և 2008 թվականի մարտի 20-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածը: 

Ինչ վերաբերում է առաջին ժամանակահատվածին, ապա Եվրոպական դատարանը նկատել է, որ այն բավականին կարճ է եղել, այսինքն՝ տևել է մոտավորապես երկու ժամ: Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուն թիվ 29 խցից տեղափոխվել է թիվ 9 խուց, որը եղել է գերբնակեցված և հակասանիտարական վիճակում: Թիվ 29 խցից հետո նա տեղափոխվել է թիվ 4 խուց, որտեղ պայմանները նույնպես չեն բավարարել 3-րդ հոդվածի պահանջները: Չնայած այն հանգամանքին, որ դիմումատուն թիվ 29 խցում երկար չի գտնվել, այնուամենայնիվ, Եվրոպական դատարանը գտել է, որ այդ խցում նրա կալանքը հավասարազոր է եղել անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի:
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ թիվ 20 խցում դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանների հետևանքով նա ենթարկվել է այնպիսի ծանրության զրկանքների, որը գերազանցում է կալանքի տակ գտնվելուն ներհատուկ տառապանքի անխուսափելի աստիճանը: 

Ինչ վերաբերում է թիվ 42 խցում գտնվելու ժամանակահատվածին, ապա Եվրոպական դատարանը նշել է, որ այն տևել է ընդհանուր 143 օր, որի ընթացքում, ինչպես երևում է, եղել են ժամանակահատվածներ, երբ դիմումատուի տրամադրության տակ եղել է ընդամենը 1.78 քմ անձնական տարածք այն դեպքում, երբ խուցը բնակեցված է եղել 14 անձով: Եվրոպական դատարանը հաշվի է առել դիմումատուի այն պնդումը, որ այդ ժամանակահատվածում նա քնելու անհատական տեղ չի ունեցել, ինչը, բացի այն, որ ինքնին խնդիր է, նաև վկայում է այն մասին, որ, հաշվի առնելով մահճակալների թիվը, խուցը բնակեցված է եղել առնվազն ինն անձով՝ դիմումատուին թողնելով ոչ ավելի, քան 2.77 քմ անձնական տարածք: Նշված հանգամանքները, ինչպես նաև ենթադրաբար ծխի մշտական ազդեցության տակ գտնվելը բավարար են եղել, որպեսզի Եվրոպական դատարանը եզրակացնի, որ թիվ 42 խցում դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանները  հավասարազոր են եղել անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի:
Եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 4 խցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում դիմումատուին չի թույլատրվել ունենալ խցից դուրս որևէ տեսակի զբաղմունք: 

Եվրոպական դատարանը հայտնել է, որ գործը քննող դատարանների՝ սույն գործով բոլոր որոշումները կայացվել են նույն տրամաբանությամբ. դրանք կամ չեն պարունակել որևէ հիմնավորում, կամ եղել են պարզապես ներպետական օրենսդրությամբ ամրագրված համապատասխան դրույթների մեջբերումներ՝ հղում կատարելով հանցանքի ծանրությանը և առանց անդրադառնալու դիմումատուի գործի կոնկրետ փաստերին կամ առանց ներկայացնելու որևէ մանրամասն տեղեկություն, թե ինչով էին հիմնավորված քննությունից թաքնվելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կամ նոր հանցանք կատարելու ռիսկերը: 

Եվրոպական դատարանն արձանագրել է՝ ներպետական դատարանները կալանք կիրառելիս և դրա ժամկետը երկարացնելիս հիմնավոր և բավարար պատճառներ չեն ներկայացրել:

hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել