Իրանի ԱԳ նախարարը դժգոհություն է հայտնել ադրբեջանական կողմի հայտարարությունների ու գործողությունների հետ կապված |armenpress.am|
20:49 - 30 սեպտեմբերի, 2021

Իրանի ԱԳ նախարարը դժգոհություն է հայտնել ադրբեջանական կողմի հայտարարությունների ու գործողությունների հետ կապված |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանն Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեի հավատարմագրի պատճենը ընդունելիս դժգոհություն է հայտնել ադրբեջանցի սահմանապահների կողմից իրանցի վարորդների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, երկու վարորդների ձերբակալման առնչությամբ։ Ինչպես փոխանցում է Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքը, Ամիր Աբդոլլահիանը նաև զարմանալի ու ափսոսանք հարուցող է անվանել ադրբեջանական կողմից հնչող բացասական հայտարարությունները։

Աբդոլլահիանը նշել է, որ զորավարժությունների անցկացումը երկրների ինքնիշխան իրավունքն է և մատնանշելով Իրանի սահմանների մոտ սիոնիստական ռեժիմի գործողությունները, հավելել է. «Իրանը չի հանդուրժում իր ազգային անվտանգության դեմ սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունը և այդ առումով իրականացնելու է  ցանկացած անհրաժեշտ քայլ։ Դեսպանն իր հերթին հույս է հայտնել, որ վերջին եղելությունները կհարթվեն երկու  երկրների պաշտոնյաների երկխոսության միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում զարմանք է հայտնել Ադրբեջանի հետ սահմանին Իրանի զինված ուժերի կողմից անցկացվող զորավարժությունների առնչությամբ: «Մեր անկախության 30 տարիների ընթացքում նման իրադարձություն տեղի չէր ունեցել: Նախևառաջ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավասու է ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում։ Դա նրա ինքնիշխան իրավունքն է։ Բայց երբ մենք դա վերլուծում ենք ժամանակային սահմաններում, տեսնում ենք, որ նման բան երբեք չէր եղել։ Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ հենց մեր սահմանին։ Այս հարցը ոչ թե ես եմ տալիս, այլ Ադրբեջանի հասարակությունը»,- ասել է Ալիևը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել