Լիտվան պատրաստ է Հայաստանի բարեկամը լինել նաև ապագայում. Ինգրիդա Շիմոնիտե |armenpress.am|
12:34 - 04 հոկտեմբերի, 2021

Լիտվան պատրաստ է Հայաստանի բարեկամը լինել նաև ապագայում. Ինգրիդա Շիմոնիտե |armenpress.am|

armenpress.am: Լիտվայի Հանրապետությունը ցանկանում է խորացնել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները, շարունակել օգտակար փորձի փոխանակումը տարբեր ոլորտներում և պատրաստ է լինել Հայաստանի բարեկամը՝ նաև ապագայում: Այս մասին հայտարարեց Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ:

Նա վստահություն էլ հայտնել, որ Լիտվայի կառավարությունը Հայաստանի վարչապետի հետ միասին կգտնի հնարներ՝ երկկողմ հարաբերությունները սերտացնելու համար:

«Այս տարի տոնում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման տարեդարձը նշում ենք մի շարք պետությունների հետ, սակայն, միայն մի քանի պետությունների ներկայացուցիչների հետ ենք հասցրել հանդիպել, և շատ ուրախ եմ, որ այս հանդիպումը տեղի է ունենում», - նշել է Լիտվայի վարչապետը:

Ինգրիդա Շիմոնիտեն նկատել է, որ ինչպես Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին՝ Հայաստանում աջակցությունը ժողովրդավարությանը շատ ուժեղ է:

«Վարչապետը և նրա քաղաքական ուժը վիթխարի աջակցություն ստացան: Բարեփոխումների և ժողովրդավարական փոփոխությունները վիթխարի աջակցություն ստացան: Ես կարծում եմ, որ տեխնիկական գիտելիքի և փորձի ու լավագույն փորձի և լուծումների փոխանակումը, սխալներից քաղված դասերը և այլընտրանքների մասին տեղեկությունների փոխանակումը կարող են օգտակար լինել: Մենք երկար ուղի ենք անցել, մենք հարուստ փորձ ենք կուտակել ու այս փորձը փոխանակել ենք և շարունակելու ենք ապագայում ավելի ինտենսիվորեն փոխանակել», - ասել է նա:

Ինգրիդա Շիմոնիտեն նաև տեղեկացրել է, որ շուտով Երևանն ու Վիլնյուսը կկապակցվեն ուղիղ թռիչքներով, և դա երկու ժողովուրդներին թույլ կտա ավելի լավ ճանաչել միմյանց երկրները և շարունակել խորացնել երկկողմ հարաբերությունները:

Անդրադառնալով Լիտվայի և Հայաստանի, ինչպես նաև՝ այլ երկրների առջև ծառացած մարտահրավերներին՝ Լիտվայի վարչապետն առաջին հերթին առանձնացրեց կորոնավիրուսի համավարակը՝ նշելով, որ Լիտվան կորոնավիրուսի դեմ պայքարի շատ հաջող փորձ ունի և այդ հարցում աջակցություն է ցուցաբերում նաև Հայաստանին:

«Մեր բուժաշխատողները աջակցություն են ցուցաբերում Հայաստանին, մեր կառավարությունը երկու որոշում է կայացրել Հայաստանի ժողովրդին պատվաստանյութ նվիրաբերելու մասին: Հուսով եմ՝ մենք կկարողանանք աջակցել այս խնդրի հաղթահարման գործում, կօգնենք Հայաստանի կառավարությանը», - ընդգծել է Շիմոնիտեն՝ հայտնելով, որ Հայաստանի և Լիտվայի Առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր COVID-19 համավարակի դեմ պայքարի վերաբերյալ:

Լիտվայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը անօրինական միգրացիայի խնդիրներին անդրադառնալու համար.

«Հրատապ կարիքներից մեկը թարգմանիչների ապահովման անհրաժեշտությունն է: Թարգմանիչներ են անհրաժեշտ սահմանը ապօրինի հատող անձանց հետ հաղորդակցվելու համար, և Հայաստանը օգնեց մեզ՝ տրամադրելով կուրմանջի (քրդերեն, - խմբ.) լեզվի թարգմանիչներ: Մենք շատ բարձր ենք գնահատում այդ աջակցությունը»:

Ինգրիդա Շիմոնիտեի խոսքով՝ իր պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի վարչապետը կայցելի Լիտվայի որոշ պետական մարմիններ, որոնք կմասնակցեն Լիտվայի փորձը փոխանակելուն, մասնավորապես՝ թափոնների վերամշակման և այլ բնագավառներում:

Լիտվայի Հանրապետությունը, վարչապետ Շիմոնիտեի խոսքով՝ աջակցում է Եվրամիությանը Հայաստանի հետ փոխգործակցության խորացման, ինչպես նաև՝ տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերում:

«Բոլորովին վերջերս Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի հիման վրա մի շարք բարեփոխումներ են իրականացվելու: Մենք հավատացած ենք, որ եվրոպական կառույցներն իրենց աջակցությամբ, իրենց մասնակցությամբ շատ կարևոր դեր են խաղում: Խաղաղության վերահաստատման և պահպանման մեխանիզմները նույնպես շատ կարևոր են: Մենք պատրաստ ենք Հայաստանի բարեկամը լինել նաև ապագայում», - եզրափակել է Լիտվայի վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել