Բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները․ Նիկոլ Փաշինյան
11:55 - 12 մարտի, 2019

Բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացած է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակցային գործընթացի սկզբունքներին, նշեց․

«Իսկ Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է:

Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետևաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության:

Հաջորդ կարևորագույն խնդիրը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հարկ եմ համարում ընդգծել, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որևէ մեկի առանձին խնդիրը, և դա համատեղ աշխատանք է: Նկատի ունեմ, օրինակ, ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա:

Հենց այս գիտակցումն էր, որ ինձ ստիպեց 2018թ. աշնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալ մեր իրականության համար, ըստ էության, աննախադեպ մի հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում:

Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետև համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել