Առաջիկայում կձևավորվի Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով. Ալեն Սիմոնյան
17:41 - 26 հոկտեմբերի, 2021

Առաջիկայում կձևավորվի Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, մանրամասնելով, որ հանդիպմանը կարեւորվել է Հայաստան-Կիպրոս բարեկամ երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Կողմերը փաստել են միջպետական հարաբերություններում վերապահված խորհրդարանական դիվանագիտության առաջնահերթությունը` բարձր գնահատելով խորհրդարանների համագործակցությունը:

Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների գործունեությունը: Ալեն Սիմոնյանը հայտնել է մոտ ապագայում Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւավորման մասին, ինչը նոր հեռանկարային ուղղություն է միասնական օրակարգերի առաջմղման  համար:

Զրուցակիցներն ընդգծել են միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների արդյունավետ փոխգործակցությունը` հատուկ կարեւորություն ունեցող հարցերի բարենպաստ լուծմանը հասնելու նպատակով: ԱԺ նախագահը շեշտել է Կիպրոսի հետ փոխգործակցությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համատեքստում:

Քննարկմանն անդրադարձ է եղել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձեւաչափի կիրարկման անհրաժեշտությանը: Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը կնպաստի բարեկամ երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացմանը եւ զարգացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել