Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ |1lurer.am|
16:07 - 27 հոկտեմբերի, 2021

Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ |1lurer.am|

1lurer.am: 65 կողմ, 20 դեմ ձայներով Արտակ Մանուկյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

Մանուկյանի խոսքով՝ իր գործունեության առաջնահերթությունները վերաբերելու են նոր ֆինանսական նախագծերի իրականացմանը, միասնական չափորոշիչների մշակմանը, թվայնացման օրակարգի սպասարկմանն ուղղված աշխատանքներին, կապիտալ շուկայի զարգացման ծրագրերի իրականացմանը և դրա համեմատական մոնիտորինգին, ֆինանսական կրթվածության ծրագրերին:

Արտակ Մանուկյանը կարևորել է ոլորտի խնդիրները քննարկելու առումով հանրության հետ երկխոսությունը բարելավելու անհրաժեշտությունը: Կանաչ տնտեսության օրակարգի առաջմղման հարցում թեկնածուն ընդգծել է կանաչ պարտատոմսերի հավելյալ խթանման գործիքակազմի կիրառումը՝ նշելով, որ այս հարցում դեռևս անելիքներ կան:

Ավելի վաղ Արտակ Մանուկյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել էր գնաճի հետևանքների հաղթահարման հարցում ԿԲ դերակատարությանը, մակրոտնտեսական միջավայրի հսկողությանը, կրիպտոարժույթների կարգավորմանը, ոլորտի արհեստավարժ մասնագետներին երկրում պահելու կարևորությանը, գնումների գործընթացին և այլ խնդիրների:

Եզրափակիչ ելույթում ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Արտակ Մանուկյանն անդրադարձել է ելույթների ընթացքում հնչած որոշ դիտարկումների, մասնավորապես գնումների գործընթացին, գների կայունության հարցում ԿԲ դերին: Չժխտելով, որ գնաճի հետևանքով սոցիալական որոշակի լարվածություն կա՝ Արտակ Մանուկյանը կարևորել է խորհրդարանում ԿԲ-ի, Էկոնոմիկայի նախարարության և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկումների կազմակերպումը, որի ընթացքում հանրությունը կստանա հուզող հարցերի պատասխանները:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 145-րդ 10-րդ մասի համաձայն՝ ԿԲ խորհրդի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել