news.am: Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման վերաբերյալ հանդիպման առաջարկս՝ ինձ «պոպուլիստ» անվանելով: Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Իմ առաջարկը մնում է սեղանին. Ես պատրաստ եմ ներգրավվել միջխորհրդարանական մակարդակով վստահության ամրապնդման միջոցառումներին՝ անխոնջ աշխատելով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», - նշել է նա։
Օրերս Սարգիս Խանդանյանը դիմել էր Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովին՝ առաջարկելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հանդիպում անցկացնել։
«Այս հանդիպումը հնարավորություն կստեղծի քննարկումներ ունենալ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ: Ավելին, այն հնարավորություն կտա քննարկելու խաղաղության գործընթացում խորհրդարանների դերին առնչվող հարցեր՝ խթանելով միջխորհրդարանական համագործակցության ապագայի շուրջ երկխոսությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում:
Այսպիսի նախաձեռնությունը կարող է լրացնել մեր երկրների կողմից ձեռնարկվող վստահության ամրապնդման այլ միջոցառումները և նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Հուսով եմ, որ Միլի Մեջլիսի իմ պաշտոնակիցը դրական կարձագանքի, և կկարողանանք համաձայնեցնել հանդիպման օրը, վայրը և այլ անհրաժեշտ մանրամասները։ Որպես առաջին հանդիպման վայր՝ կարող ենք դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք»,- գրել էր Խանդանյանը։
comment.count (0)