Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
10:05 - 01 ապրիլի, 2025

Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը:

«Անցած կիրակի Գյումրիում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ: Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն:

Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած՝ ինքնաառաջադրվում եմ, որպես ՔՊ կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի և լրագրողներից մեկի միջև միջադեպ է տեղի ունեցել Գյումրիում՝ ՔՊ նախընտրական շտաբի դիմաց։

Միջադեպի ժամանակ Գաբրիելյանը, որն այդ պահին սթափ վիճակում չէր, հայհոյել է լրագրողին։

Լրագրողի հետ միջադեպի մասին տեղեկանում ենք մեկ այլ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից, որում վերջինս ՔՊ շտաբի դիմաց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին ցույց է տալիս վերոնշյալ միջադեպի տեսանյութը ու մեկնաբանություն խնդրում, ինչին ի պատասխան՝ Բաղդասարյանն ասում է․ «Ցանկացած պարագայում լրագրողի գործունեությունը խոչընդոտելը անընդունելի է․․․ Ընդհանրապես որևէ մեկին հայհոյել չի կարելի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել