Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում
10:15 - 09 մարտի, 2019

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին` Արարատ Միրզոյանը կարեւորել է ԵՄ անդամ երկրների կողմից փաստաթղթի հնարավորինս արագ վավերացումը: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Արեւելյան գործընկերության 10-ամյակին ընդառաջ Շվեդիայում համաձայնագրի վավերացման ներպետական գործընթացը շոշափելի հանգրվանի կհասնի: Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակն այս առթիվ նշել է, որ վավերացման գործընթացն իրականացվում է իր երկրի ներքին ընթացակարգերին համապատասխան եւ հավաստիացրել, որ խորհրդարանի կողմից վավերացումը չի ուշանա:

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Շվեդիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ունեցած դիրքորոշման համար:

Արարատ Միրզոյանը Լոտտա Յոնսոն Ֆորնարվեին հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով:

ՀՀ ազգային ժողով


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել