armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ այս տարի շոշափելի արդյունք է գրանցվել։
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշեց, որ Արտաքին գործերի նախարարության ջանքերը նախ և առաջ ուղղված են և շարունակելու են ուղղված լինել Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ և կայուն միջավայրի ձևավորմանը։
«Սա առաջին հերթին նշանակում է մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորում և զարգացում»,- ընդգծեց Միրզոյանը։
Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ 2024 թվականին այդ ուղղությամբ եղել է շատ շոշափելի արդյունք՝ առաջին հերթին միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ։
«Մենք ապրիլին ստորագրել ենք փաստաթուղթ երկու երկրների սահմանազատման հարցով հանձնաժողովների նախագահների մակարդակով, ապա ստորագրվել է հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը վավերացվել է Հայաստանում Ազգային ժողովի կողմից, Ադրբեջանի կողմից էլ՝ իրենց համապատասխան ընթացակարգերով։ Առաջիկայում կողմերը պաշտոնապես կծանուցեն միմյանց կանոնակարգի ուժի մեջ մտնելու մասին, որից հետո հույս ունեմ, որ սահմանազատման աշխատանքները կշարունակվեն։ Այս պահին դրան որևէ խանգարող բան չի երևում»,-եզրափակեց Միրզոյանը։
comment.count (0)