Քերոբյանն անդրադարձավ հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու Մայր Աթոռի առաջարկին |armenpress.am|
15:09 - 02 նոյեմբերի, 2021

Քերոբյանն անդրադարձավ հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու Մայր Աթոռի առաջարկին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծի զեկուցողն է, անդրադարձավ Մայր Աթոռի՝ հունվարի 5-ը և 7-ը աշխատանքային պահելու առաջարկին: Նախարարն այս հարցին անդրադարձավ ԱԺ-ում՝ լրագրողների հարցերին ի պատասխան:

Նախարարը նախ հիշեցրեց՝ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է: «Եվ փորձում եմ իմ գործողություններով լինել բարեպաշտ քրիստոնյա: Բայց, եկեղեցին և պետությունն անջատ են գործում, մենք, իհարկե, հաշվի ենք առնում այն ցանկությունները, որոնք կան, բայց նաև պետք է զարմանք հայտնեմ, որ նույն Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը չնշել, քանի որ դրանք բացարձակ եկեղեցական տոներ չեն: Եթե մի կողմից նրանք առաջարկում են ավելացնել հանգստյան օրերի քանակը, ապա թող նաև մեզ օգնեն և առաջարկեն դրա հետ մեկտեղ չնշել դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը, որոնք որևէ հոգևոր նշանակություն չունեցող օրեր են»,-ասաց Քերոբյանը:

Նա վստահեցրեց, որ իրենց աշխատանքում փորձում են գտնել ճիշտ բալանսը:  Նախարարը շեշտեց՝ կարևորագույն հոգևոր տոները, որոնք պետք է ընդգրկեն ոչ աշխատանքային օրերի ցանկում, ընդգրկված են, օրինակ` Սուրբ Ծնունդը:

Անդրադառնալով հարցին, եթե Սուրբ Ծննդյան նախօրեի պատարագը սկսվում է ժամը 17:00-ին, բայց աշխատանքային օրն ավարտվում է ժամը 18:00-ին, քաղաքացին ինչպե՞ս մասնակցի՝ նա ասաց. «Ես չեմ ճանաչում որևէ գործատուի, որը չի թողնի, որ իր աշխատակիցները գնան եկեղեցի, եթե նրանք նման ցանկությունն ունեն: Դա աշխատանքային հարաբերություններով շատ հանգիստ կարգավորվող բան է»:

Ըստ Քերոբյանի՝ Ամանորյա տոների հանգստյան օրերը հանելով՝ կառավարությունն անուղղակիորեն ստիպում է, որ գործատուներն իրենց աշխատակիցներին հատկացնեն այն արձակուրդային օրերը, որոնք պետք են, որ մարդը կարողանա նորմալ վերականգնվել տարվա ընթացքում: «Մենք ուժեղացնելու ենք ճնշումն այդ ուղղությամբ, որ աշխատողների իրավունքները պատշաճ կերպով պաշտպանվեն»,-ասաց նա:

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել