Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տվեց «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերին։
Նախագծով սահմանվում է սանիտարահամաճարակային կանոնները չպահպանելու դեպքում աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աշխարհում, ինչպես նաև ՀՀ-ում նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի, ինչպես նաև այդ հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թվերի աճ:
«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի հիման վրա նախատեսվում են վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները: Այդ նպատակով լիազոր մարմնի կողմից ընդունվել է անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը, ինչպես նաև սանիտարահամաճարակային անվտանգության այլ կանոնները»:
Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ հասարակական հարաբերությունների շրջանակում, հատկապես, աշխատանքային հարաբերությունների, այդ թվում՝ աշխատող-հաճախորդ (սպառող, պատվիրատու և այլն) նշված կանոնների պահպանման և դրանց սահմանմամբ պայմանավորված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ապահովել սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պատշաճ պահպանումը նշված հարաբերությունների սուբյեկտների կողմից:
Կառավարության նախագծով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը: Իր հերթին, օրենքի առաջարկվող կարգավորումների գործողությունը տարածվելու է հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։ «Որպես աշխատանքի (ծառայության) չթույլատրման հիմք սահմանվում է սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված` աշխատանքի (ծառայության) ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերի բացակայությունը աշխատանքի (ծառայության) ներկայանալիս։ Ընդ որում, նշվածից և Առողջապահության նախարարի կողմից սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններից բխում է, որ աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը»։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ առաջարկվող կարգավորումներով աշխատողներին և հանրային իշխանության մարմիններում ծառայողներին հնարավորություն է տրվում ողջամիտ ժամկետում փոխել իրենց վարքագիծը՝ նախագծերով նախատեսված անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար:
«Վերը նշված պայմանը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում միայն, սահմանվում է աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման հիմք, իսկ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի լիազորությունները պետք է դադարեցվեն կամ նրանք զբաղեցրած պաշտոնից ազատվեն. մասնավորապես, եթե անձը վերոնշյալ հիմքով, այսինքն՝ իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում` ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) չի կատարել իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները»։
Ըստ նախագծի՝ այս ժամկետների մեջ տրամաբանորեն չպետք է հաշվարկվեն այն ժամկետները, երբ անձը այսպես թե այնպես չպետք է ներկայանար աշխատանքի, գտնվելով, օրինակ, արձակուրդի, ժամանակավոր աշխատունակության կամ գործուղման մեջ․ «Հարկ է նկատել, որ նշված 10 և 20 աշխատանքային օր ժամկետները սահմանվել են՝ նպատակ ունենալով ապահովել գործատուների տնտեսական գործունեության անխափան իրականացումը, հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող գործառույթների պատշաճ իրականացումը, աշխատանքային հարաբերությունների պատշաճ կենսագործունեությունն ու իրականացումը»։
Միևնույն ժամանակ, մի շարք հանրային պաշտոնների դեպքում սահմանվել է այս կարգավորումների կիրառումից բացառություն այն հիմնավորմամբ, որ այդ ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կա՛մ ընտրովի պաշտոն է, կա՛մ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից:
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության
comment.count (0)