Covid-19-ի դեմ պատվաստման երկու դեղաչափերը երկու տարբեր պատվաստանյութերով ստանալու (պատվաստանյութերի փոխարինելիություն) արդյունավետությունը մինչև վերջ ուսումնասիրված չէ։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը:
Գրիգորյանը նշեց, որ ՀՀ-ն հիմնվում է միջազգային առողջապահական կազմակերպությունների, մասնավորապես՝ ԱՀԿ-ի առաջարկությունների վրա, իսկ ԱՀԿ-ն պատվաստանյութերի փոխարինելիության քաղաքականություն չի առաջարկում, որովհետև դրա արդյունավետությունը մինչև վերջ ուսումնասիրված չէ։
Այսինքն՝ ՀՀ-ում առաջարկվում է, որ անձը նույն պատվաստանյութով ստանա պատվաստման երկու դեղաչափերը։ Միաժամանակ, Սվետլանա Գրիգորյանի խոսքով, մեր երկրում չկա որևէ իրավական նորմ, համաձայն որի անձին կարող է արգելվել պատվաստանյութերի երկու դեղաչափերը տարբեր պատվաստանյութերով ստանալը։
Նրա խոսքով՝ չկա նաև սահմանափակում, եթե անձը պատվաստանյութի երկու դեղաչափը ստանալուց հետո որևէ հանգամանքով պայմանավորված որոշում է նաև այլ պատվաստանյութով պատվաստվել։ Նա ընդգծեց, սակայն, որ պարտադիր է նախընտրելի պատվաստանյութի սահմանված դեղաչափերը ստանալ՝ ամբողջապես պատվաստված համարվելու համար․ «Եթե անձը ինչ-ինչ պատճառներով ստացել է պատվաստանյութը և որոշել է, որ հիմա էլ այլ պատվաստանյութ է ուզում, (երբ, օրինակ, ցանկանում է ճամփորդել Եվրոպա և Եվրոպա մեկնելու համար որևէ պատվաստանյութ ավելի նախընտրելի է) այդ առումով որևէ արգելող բան չունենք, որ անձին ասենք՝ ոչ, դու չես կարող։ Վերջին դեղաչափից չորս շաբաթ հետո կարող է պատվաստվել, բայց իր նախընտրած պատվաստանյութը պետք է ավարտին հասցնի․ պետք է 2 դեղաչափ ստանա, որպեսզի համարվի ամբողջական պատվաստված։ Չի կարող ասել, որ մեկ դեղաչափ մի պատվաստանյութով եմ ստացել, հաջորդը ՝ մեկ այլ պատվաստանյութով, և համարվում եմ պատվաստված»։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հավելեց, որ երկու տարբեր պատվաստանյութերի կիրառումը վտանգավոր չէ առողջության համար, եթե պահպանվում են պատվաստման դեղաչափերը ստանալու համար նախատեսված ժամկետները։
Գրիգորյանը ասաց նաև՝ որոշ երկրներ տարբեր նկատառումներից ելնելով են կիրառում պատվաստանյութերի փոխարինելիության քաղաքականությունը․ «Կան երկրներ, որոնք տարբեր նկատառումներից ելնելով կիրառում են այդպիսի քաղաքականություն՝ հաշվի առնելով նաև պատվաստանյութերի դեֆիցիտը, բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկը»։
Նանե Ավետիսյան
comment.count (0)