Կապիտալ ներդրումների հիմնական ուղղություններով նախապատրաստական աշխատանքներ են կատարվում |armenpress.am|
11:52 - 17 նոյեմբերի, 2021

Կապիտալ ներդրումների հիմնական ուղղություններով նախապատրաստական աշխատանքներ են կատարվում |armenpress.am|

armenpress.am: Պետությունը 2022-ի համար կապիտալ ներդրումների հիմնական ուղղություններով արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ է կատարում՝ տարվա ընթացքում ապահովելու բյուջեի նախագծով նախատեսված ծավալները:

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ 2021-ին կապիտալ ծախսերը թերակատարվել են: Պատգամավորը 2022-ի բյուջեի նախագծով կապիտալ ծախսերը 130 մլրդ դրամով ավելացնելը լուրջ մարտահրավեր համարեց, նա հետաքրքրվեց, թե արդյոք կարողանալո՞ւ են հաջորդ տարի կատարել ամբողջ կապիտալ ծախսերը:

2022-ի պետբյուջեի նախագծով նախատեսվում են 357 մլրդ դրամ ընդհանուր արժեքով կապիտալ ծախսեր, որոնք 2021-ի հաստատված ցուցանիշը գերազանցում են ավելի քան 130 մլրդ դրամով:

Նախարարը նկատեց՝ ամենահաճախ տրվող հարցն է՝ հնարավոր լինելո՞ւ է իրականացնել ժամանակին և ամբողջ ծավալով: «Այս հարցը նաև կառավարության առաջիկա անելիքների թվում առանցքային նշանակության հարց է: Այս խնդրի իրագործումը կախված է թե կառավարության գործողությունների և որոշումների արդյունավետությունից և թե այդ որոշումներին մասնավոր հատվածի արձագանքից»,- ասաց Խաչատրյանը:

Նա նկատեց՝ կապիտալ ծախերը ժամանակին չեն կատարվում կամ կատարվում են նախատեսված ժամկետում ոչ ամբողջ ծավալով այն դեպքում, երբ տարբեր կազմակերպչական հարցերով պատասխանատու գերատեսչությունը մրցույթը չի կազմակերպում ժամանակին և չի հրավիրում մասնավոր հատվածի կազմակերպություններին, կամ, եթե դրանք կատարվում են նախատեսված ժամկետներում, ապա մասնավոր հատվածի՝ մրցույթը շահած կազմակերպությունը ոչ ամբողջ ծավալով և ճիշտ ժամանակին է կարողանում ապահովել իր խոստումները: Ըստ նախարարի՝ երկու դեպքում էլ կան թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ: «Մեր խնդիրն է առաջին հերթին սուբյեկտիվ պատճառները հասցնել նվազագույնի, այնպես անել, որ օբյեկտիվ պատճառները գան այնպիսի լիարժեք համապատասխանության, որ այդ աշխատանքները կատարվեն ժամանակին և ամբողջ ծավալով»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով նրան, թե կառավարությունն այդ ուղղությամբ ինչ է անում՝ Խաչատրյանը նշեց. «Արդեն հիմա, երբ դեռևս մեկնարկած չէ 2022 թվականը, նախապատրաստական աշխատանքներ են տարվում բոլոր այն ուղղություններով, որոնք 2022-ին պետք է լինեն մեր կապիտալ ներդրումների հիմնական ուղղությունները: Նախապատրաստվում են համապատասխան մրցույթներ»,-ասաց նախարարը:

Պետբյուջեի կապիտալ ծախսային ծրագրերը հատկապես ենթադրում են շինարարության ակտիվացում: Նախարարի խոսքով ՝այն շինարարական կազմակերպությունները, որոնք մասնակցել կամ մասնակցում են առաջիկայում այդ կապիտալ ծրագրերի իրականացմանը, վերազինվում են, թարմացնում են իրենց սարքավորումների կազմը, համալրում են աշխատակիցների կազմը որակյալ մասնագետներով և պատրաստվում են այդ ավելացվող ծավալներով աշխատանքների իրականացմանը: Պետությունը լիահույս է, որ 2022-ը լինելու է այդ ամբողջ ծավալների իրականացման ժամանակահատված:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել