Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը:
Աշխատանքային խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին զեկուցվել են նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների շրջանակում կատարված աշխատանքները:
Մասնավորապես, խմբի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու առաջարկությունները` նախորդ նիստում ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի ներկայացրած «Երևան քաղաքի հանրակրթության ոլորտում հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում» ուսումնասիրության վերաբերյալ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մի քանի առաջարկություն` հաշվի առնելով ոչ միայն հատուկ դպրոցներում սովորողների, այլև ընդհանրապես հատուկ կարիքով մարդկանց սոցիալական աջակցության բաղադրիչը:
Հանդիպման օրակարգում ընդգրկված է եղել ԿԳ նախարարի հրամանով ստեղծված իրազեկման խմբերի կատարած աշխատանքի արդյունքների վերաբերյալ զեկույցը: Մասնավորապես նշվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրազեկման խմբերը հանդիպումներ են ունեցել աջակցման կենտրոնների վերակազմակերպվող հատուկ դպրոցներում սովորողների ծնողների, ուսուցչական և վարչական անձնակազմերի հետ:
Հանդիպումների ընթացքում ներկայացվել է համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհային քարտեզը` աշակերտի, մասնագետի և վարչական աշխատողի համար: ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրել է ծնողների և ուսուցիչների կողմից բարձրաձայնված հիմնական մտահոգությունները, միաժամանակ նշելով, որ իրազեկման աշխատանքները լինելու են շարունակական և հասցեական, ընդգրկելով հասարակական կազմակեպություններ և զանգվածային լրատվության միջոցներ, իսկ իրազեկման խմբերի աշխատանքին միանալու են նաև ներառական կրթության փորձ ունեցող ուսուցիչներ և ծնողներ:
Քննարկվել է նաև համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման վերապատրաստումների հարցը: Մասնավորապես նշվել է, որ հանրակրթական դպրոցներում աշխատող առարկայական ուսուցիչները պետք է անպայման հմտություններ ստանան` հատուկ կարիքով երեխաների հետ աշխատելու համար:
Նշենք, որ համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկված են կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման, առողջապահության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
comment.count (0)