Հայաստանում արձանագրվել է վարակի տեմպերի նվազում |armenpress.am|
14:11 - 22 նոյեմբերի, 2021

Հայաստանում արձանագրվել է վարակի տեմպերի նվազում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ չնայած նկատվում է նոր արձանագրվող դեպքերի թվի կրճատում:

Այս մասին նշեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Ունենք նոր դեպքերի շուրջ 40-50 տոկոսով նվազում, և այսօր վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1-ից ցածր է, կազմում է 0.5-0.6: Այսինքն՝ վարակի տեմպերը ցածր են, բայց պետք է նշեմ, որ սա պայմանավորված է երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատություններում եղած արձակուրդով և որոշ դեպքերում դասընթացները հեռավար անցկացնելով: Այդ որոշումն ուղղված է եղել մարդկային շփումների նվազեցմանը, այդ ժամանակահատվածում հանրային տրանսպորտն է նաև թերծանրաբեռնված աշխատել, մարդկային կուտակումներ են քիչ եղել, ինչը բերում է թվերի նվազեցմանը»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Ուսումնական հաստատությունները վերսկսել են իրենց աշխատանքն ու այս փուլում, ըստ մասնագետի, շատ է կարևորվում անվտանգության կանոնների պահպանումը՝ դիմակի կրումը, ձեռքերի ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը: Միաժամանակ, որպես կարևոր արդյունավետ միջոցառում, առաջնահերթ է համարվում պատվաստումը:

Ռոմելլա Աբովյանը նշեց, որ պատվաստումային պրոցեսը բավական ընթանում է: Ամեն դեպքում նախատեսվում է դեկտեմբերի 1-ից նոր փոփոխություն մտցնել, ըստ որի, ՊՇՌ թեստ կատարելու պահանջը աշխատողների համար 14 օրը մեկ ժամանակահատվածը կդառնա 7 օրը մեկ:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել