Մենք ոչ թե կոսմետիկ, այլ ֆունդամենտալ փոփոխություններ ենք առաջարկում․ Հրազդանում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու
20:25 - 30 նոյեմբերի, 2021

Մենք ոչ թե կոսմետիկ, այլ ֆունդամենտալ փոփոխություններ ենք առաջարկում․ Հրազդանում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու

Այս տարվա դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։

«Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր «Մայ քորներ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Ստեփանյանը․ վերջինս, սակայն, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել․ այժմ ցուցակի երկրորդ համար Մոնթե Մաթևոսյանն է կուսակցության համայնքապետի թեկնածուն։  

Վերջինս Infocom-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Լևոն Ստեփանյանի ինքնաբացարկի դիմումը տեխնիկական խնդիրներով է պայմանավորված եղել։

Խոսելով Հրազդանում առկա խնդիրների մասին՝ Մաթևոսյանն ասաց՝ նպատակ ունեն մարդկանց մտքում փոփոխություն կատարել։ Նա ընդգծեց, որ իրենք ոչ թե կոսմետիկ, այլ ֆունդամենտալ փոփոխություններ են առաջարկում․ «Մեր ուշադրության կենտրոնում կրթությունը, գիտությունը պիտի լինեն։ Մենք նաև հարցում ենք արել ժողովրդի շրջանում, թե իրենք ինչ խնդիրներ են տեսնում, և այդ խնդիրներից են թե՛ գործազրկությունը, թե՛  այգիների, զբոսայգիների, հանգստի վայրերի սակավաթվությունը, թե՛ մշակույթի զարգացման ցածր տեմպերը, և մեր ծրագրերը հիմնականում կառուցված են այդ հենքի վրա»։

Համայնքապետի թեկնածուի խոսքով՝ քանի որ դպրոցները նախարարության դաշտում են, իրենք կրթական փոփոխությունները նախատեսում են կատարել դպրոցից դուրս․ օրինակ՝ ինժեներական մտքի զարգացման համար Հրազդանում նախատեսում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ստեղծել։ Մաթևոսյանը նշեց, որ լաբորատորիան հիմնելու են իրենց կապերի միջոցով․ «Մեր ընկերները տարբեր համայնքներում տվյալ ծրագրերը իրականացրել են, մենք նախնական փորձն ունենք»։ 

Նա հավելեց, որ ուշադրություն են դարձնելու նաև հումանիտար մասնագիտություններին, քանի որ, ըստ Մաթևոսյանի, հումանիտար մասնագիտությունները Հրազդանում, և, առհասարակ, Հայաստանում, շատ քիչ են պահանջված․ «Կարող եմ վստահեցնել, որ Հրազդանում քիչ են պահանջված հումանիտար բլոկի մասնագիտությունները։ Մենք նախատեսում ենք, որ այնպես չլինի, որ աշխատաշուկան միայն թելադրի, թե մեզ ինչ մասնագետներ են պետք։ Մենք նախատեսում ենք ստեղծել հումանիտար գիտական հանդես, ինչպես Բարձրագույն որակավորման կոմիտեի հաստատած գիտական հանդեսներն են։ Ավագ դպրոցի աշակերտները և բուհում սովորող հրազդանցի ուսանողները կկարողանան գիտական հոդվածներ տպագրել այստեղ, և դրա դիմաց կվարձատրվեն։ Այսինքն՝ մենք միաժամանակ թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական մտքին ուշադրություն կդարձնենք, այլապես կստացվի, որ մենք առնվազն փիլիսոփաների, արվեստաբանների, մշակութաբանների, կոնֆլիկտաբանների և այն մասնագիտությունները, որոնք ես կարող եմ անվերջ թվել, դրանց կարիքն այնքան էլ չունենք»։

Մաթևոսյանը հավելեց նաև, որ Հրազդանում նախատեսում են ստեղծել աշակերտ-ուսանող-գործատու հարթակ․ «Դրա օգնությամբ ապագա ուսանողը նախօրոք կիմանա, թե ինչ թափուր հաստիքներ կան, և կգնա, կստանա տվյալ մասնագիտությունը՝ վերադառնալով համայնք»։

Համայնքապետի թեկնածուի խոսքով՝  նախատեսում են նաև սուբսիդավորել վճարովի համակարգում սովորող հրազդանցի ուսանողների վարձը՝ պայմանով, որ նրանք կվերադառնան Հրազդան ու կաշխատեն անհրաժեշտ մասնագիտություններով։ Նախատեսում են դասընթացներ կազմակերպել՝ մասնագիտական հմտությունների զարգացման համար։ Կրթական փոփոխություններ իրականացնելու համար նպատակ ունեն նաև լեզվի կենտրոն ստեղծելու․ «Այդտեղ սովորող աշակերտները, նաև ուսանողները, առնվազն մինչև բուհն ավարտելը 2 օտար լեզվի կտիրապետեն․ դա իրենց կօգնի ոչ միայն իրենց մասնագիտական հմտությունները զարգացնելու գործում, այլև հարակից ոլորտներում զարգանալու հարցում»։

Անդրադառնալով աշխատեղեր ստեղծելու ծրագրերին՝ Մաթևոսյանը ասաց, որ իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են նաև տուրիզմի զարգացման վրա․ «Մասնավորապես՝ Հրազդանում Ծովինար արհեստական ջրամբար կա,  նախատեսում ենք դրա տուրիստական պոտենցիալն օգտագործել։ Առհասարակ, Հրազդանը գտնվում է Ծաղկաձորի կողքին, տվյալ պոտենցիալը պիտի օգտագործվի։ Եթե մենք արհեստական ջրամբարը գործարկում ենք, այդտեղ տուրիտական կենտրոն ու ֆինանսական մուտքեր ենք ապահովում»։

«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ասաց նաև, որ գյուղական տուրիզմը զարգացնելու մտադրություն ունեն․ «Քանի որ Հրազդանում շատ են առանձնատները, որոնք ունեն մի քանի սենյակներ և հիմնականում մեծ մակերես են զբաղեցնում, նախատեսում ենք, որ այն սենյակները, որոնք չեն օգտագործվում, կվերանորոգվեն համայնքային բյուջեով, և դրանք կտրամադրենք քաղաքացիներին, կհամագործակցենք, գյուղատնտեսությունը կզարգացնենք»։

Նա ընդգծեց, որ ծրագրերի իրականացման համար կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ունեն, ինչի պատճառով շատ մանրամասներ չեն կարող ներկայացնել։ Վերջինս հավելեց, սակայն, որ ամեն ինչ լինելու է շատ թափանցիկ։

Հրազդանը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում և գտնվում է խոշորացման փուլում․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Հրազդանին են միանում Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի գյուղերը։ 

Համայնքապետի թեկնածուն վստահեցրեց՝ ծանոթ են Հրազդանին միացող գյուղերի խնդիրներին․ «Լեռնանիստում տարիներ շարունակ խմելու ջրի խնդիր կա, մենք նախատեսում ենք խմելու ջրի կարգավորումը։ Մենք կարող ենք Լեռնանիստի պոտենցիալն օգտագործել, որովհետև մոտ 2-3 տարի այնտեղ դահուկային սպորտաձևն է զարգանում, զբոսաշրջիկներ են գալիս, այնտեղ հանգստանում են։ Քաղսիում խաղահրապարակի խնդիր կա։ Առհասարակ, նոր միացող համայնքները ունեն մեկ ընդհանուր խնդիր՝ ներհամայնքային կոմունիակացիները։ Նախատեսում ենք սուբսիդիաների միջոցով, դոտացիաների միջոցով ներհամայնքային կոմունիկացիաները բարելավել»։

Նա նաև նշեց, որ իրենց առաջարկած ծրագիրը հիմնարար է, և որ իրենք ուշադրություն են դարձրել ոչ թե ձևին, այլ բովանդակությանը․ «Օրինակ, երբ ասֆալտապատում են իրականացում, իհարկե աչք շոյող է, կարևոր է, բայց, լավ, ասֆալտապատեցինք, մեկ անգամ էլ ասֆալտապատեցինք, հինգերերոդ անգամ էլ ասֆալտապատեցինք, ասֆալտապատելուց հետո ի՞նչ ենք անելու։ Լեդ լուսատու փոխելուց բացի՝ ի՞նչ ենք անելու։ Դրա համար մենք մեզ համար ուրիշ մարտահրավեր ենք սահմանել, այդ մարտահրավերը մեզ համար մտքի փոփոխությունն է»։

Նրա կարծիքով՝ քաղաքացին պետք է ուսումնասիրի նաև, թե ովքեր են մասնակցում այս քաղաքական գործընթացին․ «Ամենայն հարգանքով բոլոր քաղաքական թիմերի նկատմամբ, մասնակցող մյուս ուժերի մասին վաղուց ամեն ինչ ասվել է»։

Հրազդան համայնքի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 4 քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Մոնթե Մաթևոսյանն է, որը աշխատում է ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում՝ որպես ավագ մասնագետ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արշավիր Խաչատրյանը, ով «Աննար» ՍՊԸ-ի տնօրենն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրազդան համայնքի ներկայիս ղեկավար Սևակ Միքայելյանն է, իսկ «Հայ Յեղափոխական դաշնակցության» ցուցակը գլխավորում է Վարդան Գրիգորյանը, որը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել