Մենք անհրաժեշտ ենք համարում հեղափոխական էներգիան ուղղել դեպի համայնքներ․ Սուրեն Պակիկյանը՝ ԱՄՆ դեսպանին
18:22 - 26 մարտի, 2019

Մենք անհրաժեշտ ենք համարում հեղափոխական էներգիան ուղղել դեպի համայնքներ․ Սուրեն Պակիկյանը՝ ԱՄՆ դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 26-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է դեսպան Թրեյսիին, շնորհավորել նրան Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանին կհաջողվի նոր զարկ հաղորդել հայ-ամերիկյան դինամիկ զարգացող ու հետզհետև խորացող հարաբերություններին և իր նպաստը բերել բոլոր ուղղություններով երկու պետությունների ու ժողովուրդների սերտ համագործակցությանը: Նախարարը հաջողված է գնահատել Հայաստանի վարչատարածքային բարեփոխումներին, տեղական ժողովրդավարության կայացմանը, համայնքային արդյունավետ ու հաշվետվողական կառավարմանն ուղղված ԱՄՆ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ աջակցության ծրագրերը ու նշել, որ դրանց տնտեսական ազդեցությունն արդեն իսկ արտահայտվում է մի շարք խոշորացված համայնքների կարողությունների հզորացման և դիմակայունության ամրապնդման մեջ։

Դեսպան Թրեյսին շնորհավորել է նախարար Պապիկյանին վերանշանակման կապակցությամբ և նկատել, որ տեղական ինքնակառավարման ամրապնդումը ժողովրդավարական առաջընթացի տեսանկյունից մեծ կարևորություն ունի: «Մենք բարձր ենք գնահատում նախարարության հետ մեր երկար տարիների գործակցությունն ու պատրաստ ենք հետագա համագործակցության»,-ասել է դեսպանը:

Դեսպանին ներկայացնելով տեղական մակարդակում ժողովրդավարության արմատավորման և համայնքների ինքնաբավության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության գործադրած ջանքերը՝ նախարար Պապիկյանն ընդգծել է․ «Տեղերում ժողովրդավարության հզորացման նպատակով մենք անհրաժեշտ ենք համարում հեղափոխական էներգիան ուղղել դեպի համայնքներ, քանզի իրական մրցակցային ժողովրդավարության կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ տեղերում կունենանք կայացած ժողովրդավարական ինստիտուտներ»։

Ավարտին նախարարը վերահաստատել է վարչատարածքային բարեփոխումների ոլորտում ԱՄՆ-ի կառավարության հետ ծրագրահեն և կառուցողական համագործակցության շահագրգռվածությունը և հույս հայտնել, որ Միացյալ Նահանգներն իրենց օժանդակությունը կցուցաբերեն ոլորտի զարգացման ՀՀ կառավարության տեսլականին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել