ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-8-ը նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, աշխատանքային խմբի անդամներն են ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի դերասան, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը:
Նշվում է, որ այցի նպատակն է հայ-վրացական մշակութային կապերի խթանումը, ժամանակակից արվեստի, մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանն առնչվող հարցերի քննարկումը:
Աշխատանքային այցի շրջանակում նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, և ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ հնագիտության, կինոարտադրության, թանգարանային գործի, թատրոնի և մշակութային կրթության ոլորտներում համագործակցության ուղղությամբ:
Արա Խզմալյանի խոսքով՝ շատ կարևոր է հանդես գալ համատեղ նախաձեռնություններով, ինչը հնարավորություն կտա ավելի լավ ծանոթանալու հարևան պետության մշակույթի հետ:
«Փոփոխվել են համաշխարհային մարտահրավերները, աշխարհաքաղաքական պայմանները, մշակութային առաջնահերթությունները, և մենք իսկապես կարիք ունենք փոխհամագործակցությամբ լավագույնս ծանոթանալու մեր երկու պետությունների մշակույթին, մշակելու մեխանիզմներ, որոնցով կարող ենք համադրել մեր երկու պետությունների մշակութային քաղաքականությունները»,- նշել է Արա Խզմալյանը և հավելել, որ որպես համագործակցության մեկնարկ՝ առաջարկվել է համատեղ ջանքերով մասնագիտական, փորձագիտական խմբերի ընդգրկմամբ բարեկարգել, նորոգել Գանձայում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանը, խթանել հնագետների միջև համագործակցությունը, կազմակերպել երկու երկրների մշակութային հարուստ ժառանգությանը վերաբերող համատեղ ցուցադրություններ:
Այցի շրջանակում հայկական պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, այնուհետև Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել են Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ:
comment.count (0)