G7-ը զգուշացնում է Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժումը լայնածավալ հետևանքներ կունենա Մոսկվայի համար
 |armtimes.com|
17:35 - 12 դեկտեմբերի, 2021

G7-ը զգուշացնում է Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժումը լայնածավալ հետևանքներ կունենա Մոսկվայի համար |armtimes.com|

armtimes.com: Մեծ յոթնյակի խումբը (G7) նախազգուշացրել է Ռուսաստանին, որ նրա ներխուժումը Ուկրաինա լուրջ հետևանքներ կունենա և ՌԴ-ն թանկ գին կվճարի։

«Ռուսաստանը չպետք է կասկածի, որ Ուկրաինայի դեմ հետագա ռազմական ագրեսիան կունենա լայնածավալ հետևանքներ և լուրջ ծախսեր»,- ասվում է ոչ պաշտոնական ասոցիացիայի արտաքին գործերի նախարարների նախագծում, որը ներառում է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ճապոնիան:

Փաստաթուղթը պետք է ընդունվի Լիվերպուլում երկօրյա հանդիպումից հետո։ Դրանից հատվածներ մեջբերում է Reuters-ը։

Նշվում է, որ Մոսկվայի և Կիևի հարաբերությունների թեման կարող է ներառվել G7-ի առանձին հայտարարության մեջ։ G7-ի անդամները նաև կոչ են արել Ռուսաստանին թուլացնել լարվածությունը Ուկրաինայում, նշում է գործակալությունը։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրուսն իր հերթին, ելույթ ունենալով Լիվերպուլում կայացած մամուլի ասուլիսում, ևս մեկ անգամ զգուշացրել է Ռուսաստանի համար «մեծ հետևանքների» մասին՝ իբր ծրագրված Ուկրաինա ներխուժման դեպքում։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ ցանկացած ներխուժում էական հետևանքներ կունենա»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ «Մեծ յոթնյակը ցանկանում է, որ Ռուսաստանը հրաժարվի Ուկրաինայի դեմ ագրեսիայից»։ Նա հավելել է, որ G7-ի բոլոր երկրները միասնական դիրքորոշում ունեն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։

 Պատասխանելով Ռուսաստանի դեմ հնարավոր գործողությունների մասին լրագրողների հարցին՝ Տրասը չի բացառել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը այն դեպքում, եթե ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը շարունակի լարված մնալ։ «Մենք նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման ուղղությամբ, քննարկում ենք այս դեպքում գործողությունների բոլոր տարբերակները»,- ասել է նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել