ԿԲ-ն 2021-ին կանխատեսում է 4,2 տոկոս տնտեսական աճ |civilnet.am|
17:26 - 14 դեկտեմբերի, 2021

ԿԲ-ն 2021-ին կանխատեսում է 4,2 տոկոս տնտեսական աճ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի Կենտրոնական բանկը 2022-ին կանխատեսում է 5,2 տոկոս տնտեսական աճ, որի հիմքում ընկած է պետական բյուջեում նախատեսված կապիտալ ծախսերի մեծ ծավալը: Այս մասին այսօր ԿԲ-ում կայացած ասուլիսին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: ԿԲ-ի գնահատականներով՝ 2021-ի ավարտին տնտեսական աճը Հայաստանում կկազմի 4,2 տոկոս:

«Եկող տարի նախատեսվում է ոչ միայն ընթացիկ ծախսերի աճ, այլև հսկայական պետական կապիտալ ներդրումներ, որոնք ըստ էության ընկած են մեր` 2022-ի համար նախատեսված տնտեսական աճի կանխատեսման հիմքում,- ասաց Մարտին Գալստյանն ու հիշեցրեց:- 2022-ի համար տնտեսական աճի մասին մեր կանխատեսումը 2,4 տոկոս էր, սակայն պետական բյուջեի ընդունումից, երբ պարզ դարձավ կապիտալ ներդրումների սցենարը, ըստ մեր կանխեսումների՝ տնտեսական աճը կազմելու է 5,2 տոկոս մյուս տարվա համար»:

Հայաստանի 2021-ի պետական բյուջեի հիմքում դրված է 3,2 տնտեսական աճի կանխատեսումը։ Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը Հայաստանում 2021-ին կանխատեսում են աճ 6 տոկոսի մոտակայքում։

ԿԲ նախագահը մեծ հույսեր է կապում պետական կապիտալ ծախսերի ամբողջական կատարման հետ տնտեսական աճի խթանման համար: «Սա աճի պոտենցիալն է նաև բարձրացնելու»,- ընդգծեց Գալստյանը:

ԿԲ խորհուրդը դեկտեմբերի 14-ին 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7,75 տոկոս։

Անդրադառնալով ԿԲ-ի վարած զսպող դրամավարկային քաղաքականությանը և վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետևողական բարձրացմանը՝ Գալստյանն այն անվանեց «բալանսավորված»: «Գնաճի թիրախավորման ճկուն քաղաքականության իմաստն այն է, որ մեր գործողությունները չնախատեսված ծախս չհանդիսանան աճի տեսանկյունից ևս»,- ասաց ԿԲ նախագահը: 

ԿԲ-ն ակնկալում է, որ ներկայիս 9,6 տոկոս գնաճը տարեվերջին կնվազի մինչև 8,5 տոկոսի, որով էլ պայմանավորված է վերաֆինասավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով բարձրացնելու այսօրվա որոշումը: Հայաստանում դրամի փոխարժեքի կայունության պայմաններում գնաճի բարձր տեմպը, ըստ կենտրոնական բանկի, արտածին է: 

«Հայաստանի գործընկեր պետություններում տնտեսական ակտիվության և պահանջարկի դինամիկայի արագ վերականգնման և այդ ֆոնին առաջարկի սահմանափակվածության պահպանման պարագայում… արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցության ավելացում»,- ասված է Կենտրոնական բակի խորհրդի հայտարարությունում:

ԿԲ նախագահը խոսեց նաև բանկային համակարգի ընթացիկ իրավիճակի մասին՝ նշելով, որ հոկտեմբերի վերջի դրությամբ արձանագրվել է ավանդների 4,4 տոկոս աճ, վարկերի՝ 8 տոկոս նվազում: Կենտրոնական բանկի նախագահը վարկավորման 8 տոկոս նվազումը պայմանավորում է բազային էֆեկտով և մեծ խնդիրներ չի տեսնում: «Այստեղ հաշվի է առնվում բազային էֆեկտը՝ պայմանավորված կառավարության՝ նախորդ տարվա վարկավորման մասշտաբային ծրագրերի կրճատմամբ [կորոնաճգնաժամի հետևանքները մեղմելու համար – խմբ.]: Բանկային համակարգում այս պահի դրությամբ իրացվելիության և վճարունակության խնդիրներ չունենք»,- եզրափակեց Գալստյանը:

Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրով 2022-ից սկսած՝ տարեկան նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսվում, որով կառավարությունը պարտավորվում է վերացնել ծայրահեղ աղքատությունը, նվազագույն աշխատավարձը դարձնել 85 000 դրամ, գործազրկությունը իջեցնել 10 տոկոսից ներքև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել